28/02/2019 13:11
Տարածաշրջանային նախագծերում Ռուսաստանի ներգրավվածությունը շատ ողջունելի է. քաղաքագետ
Հայաստանը և Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ երկրներ են, Իրանն էլ իր հերթին փորձում է այդ կառույցի հետ ազատ առևտրի գոտի ձևավորել։ Իսկ ո՞ւմ միջոցով, եթե ոչ Հայաստանի։ Սա զարմանալի չէ, և պետք է միայն ուրախանալ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։
«Բոլորը, փաստորեն, հասկանում են, որ տարածաշրջանում կարելի է ոչ միայն արևելք-արևմուտք համագործակցության դաշտեր ձևավորել, այլև՝ հյուսիս-հարավ։ Մենք հասկանում ենք, որ կա մի համագործակցության ձևաչափ, որն ամեն անգամ փորձում են մեզ մատնացույց անել։ Խոսքն Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համագործակցության մասին է։ Հիմա էլ ձևավորվում է հյուսիս-հարավ գործակցությունը, ինչը շատ ուրախալի փաստ է։ Եթե կա համագործակցություն Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև, ի՞նչն է խնդիրը», - ասաց մեր զրուցկիցը։
Թևան Պողոսյանի խոսքով, որքան շատ երկրներ ներգրավվեն տարածաշրջանային համագործակցության մեջ, այնքան ավելի լավ։
«Եթե բոլորի շահերը համընկնում են, նշանակում է՝ ինչ-որ չափով ընկալում է ձևավորվում, որ համագործակցությունն է լինելու շարժիչ ուժը, ոչ թե մրցակցությունը կամ մյուսին վնասելը։ Սա բերելու է նրան, որ ամեն մեկն, ունենալով իր բաժին դերակատարումը, կարողանալու է ընդհանուր արժեք ներկայացնել։ Ի վերջո, համագործակցությունն ընդհանուր արժեք է ձևավորում։ Որքան շատ համագործակցությունների մեջ մասնակցենք, այնքան ավելի մեծ արժեք ենք ներկայացնելու, և այդ արժեքը, բնականաբար, ավելի գայթակղիչ է լինելու», - նշեց քաղաքագետը։
Անդրադառնալով տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությանը՝ քաղաքագետը նշեց՝ այդ երկիրն, անկասկած, տարածաշրջանային շահեր ունի, և ցանկանում է ներգրավված լինել ռեգիոնալ նախագծերում։
«Սա շատ ողջունելի է։ Եթե Ռուսաստանը դրական իմաստով է ներգրավվում, միայն պետք է ոգևորվել։ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են։ Եթե դու քո դաշնակիցներին դաշնակցային չես վերաբերում... մեզ դո՞ւր է գալիս, երբ մեր որևէ դաշնակից Հայաստանի հանդեպ դաշնակցային վարքագիծ չի ցուցաբերում։ Հետևաբար, եթե չենք ուզում, որ մեր հանդեպ անեն այն, ինչը մեզ դուր չի գալիս, մենք ևս չպետք է նման վարքագիծ դրսևորենք», - ասաց Թևան Պողոսյանը։
Հարցին՝ կարո՞ղ է Երևան-Մոսկվա համագործակցության խորացումը նպաստել Երևան-Թեհրան հարաբերությունների օրակարգի մի մասի առաջխաղացմանը, մեր զրուցակիցը նկատեց՝ դրանք տարբեր ներգրավվածութուններ են, բայց եթե կգտնվեն շահեր, որոնք բոլորին ձեռնտու կլինեն, շատ ավելի լավ։
«Իրանը մեր հարևանն է։ Այդ երկրի հետ այսպես թե այնպես համագործակցում ենք։ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը ցամաքային ուղի է հարթում դեպի ԵԱՏՄ և կարող է Իրանի համար դուռ առնալ դեպի ԵԱՏՄ շուկա։ Իսկ Իրանը նման ցանկություն հայտնել է։ Հայաստանն այստեղ կարող է շատ լավ դերակատարություն ունենալ, և հատկապես, եթե այդ համագործակցության մեջ ներգրավում ենք մեր դաշնակիցներին, դա միայն ողջունելի է։ Հենց դրանք են ճիշտ դաշնակցային հարաբերությունները։ Պատկերացրեք, որ եթե Ռուսաստանը ներգրավվի այլ երկրների հետ համագործակցություններում, ասելու է, որ Հայաստանը ևս պետք է ներգարվվի», - ամփոփեց Թևան Պողոսյանը։