28/02/2019 09:21
Մոսկվայի հետ գործակցության խորացումը նպաստում է Թեհրանի և Երևանի հարաբերությունների օրակարգի մի մասի առաջխաղացմանը. Ոսկանյան
Ուշագրավ է, որ ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի հանդիպմանը հատուկ անդրադարձ է եղել Իրան-ԵԱՏՄ համաձայնագրին, որը լուրջ հնարավորություններ է բացում Հայաստանի առջև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Այս հանգամանքը շեշտվում է թե՛ հայկական և թե՛, ինչը շատ կարևոր է, իրանական կողմից։ Իրանցիները քաջ գիտակցում են, որ ԵԱՏՄ կենտրոնական երկիրը Ռուսաստանն է, իսկ ՀՀ-ՌԴ բոլոր մակարդակերում ռազմավարական հարաբերություններն այս առումով բարձրացնում են մեր երկրի կշիռը և լրացուցիչ հնարավորություններ ընձեռում մեզ հանդես գալու նաև ԵԱՏՄ անդամ երկրի անունից», - ասաց նա:
Վ.Ոսկանյանի խոսքով, Մոսկվայի հետ թե՛ երկկողմ և թե՛ ԵԱՏՄ-ի ձևաչափերում գործակցության խորացումը նպաստում է նաև Թեհրանի և Երևանի հարաբերությունների օրակարգի մի մասի առաջխաղացմանը։
«Անշուշտ, իդեալական տարբերակ կլիներ նաև Մոսկվա-Երևան-Թեհրան զուգահեռ համագործակցային եռակողմ ձևաչափի ստեղծումը, որը լրջագույն քայլ կլինի Հայաստանի տարածաշրջանային դերակատարության բարձրացման ուղղությամբ», - ասաց նա: