28/02/2019 09:44
«Ժողովուրդ». Արամ Սիմոնյանը հրաժարական ներկայացնելու միտք չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ այսօր ԵՊՀ-ում անցկացվելու է կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նիստ: Օրակարգում մեկ հարց է` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը: Քանի որ օրեր առաջ Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել էր՝ ինքը հրաժարական ներկայացնելու միտք չունի, երեկ մեկնաբանությունների համար թերթը կրկին դիմել է ռեկտորին:
«Նիստը կկայանա, այն ժամանակ կասեմ: Հիմա չեմ կարող որևէ բան ասել…Ես հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ: Չեմ նկատում ոչինչ: Կան մարդիկ, որոնք ուզում են, որ լիազորություններս դադարեցվի, կան մարդիկ, որոնք չեն ուզում: Նիստը ցույց կտա: Հոգաբարձուների խորհրդում երկու տեսակետ կա, և դա բնական է: Ես ինչպես կարող եմ ասել` քվեարկությունը ոնց կլինի», - ասել է Սիմոնյանը՝ բացառելով ինքնակամ հեռանալու տարբերակը:
«Տեղեկացնենք, որ ԵՊՀ-ում տիրող իրավիճակը երեկ քննարկվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, որտեղ հրավիրվել էր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Եւ իշխող խմբակցությունում տեսակետ է հնչել, որ պետք չէ Սիմոնյանին հեռացնել, քանի որ հարցը կարող է քաղաքական ենթատեքստ ստանալ», - գրում է թերթը: