28/02/2019 16:18
Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանին այցելությունները կշարունակվեն նույն կարգով. Զառա Ամատունի
Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի՝ այդ երկրում գտնվելու պահից մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իր հանձնագրի համաձայն, պարբերաբար այցելություններ է կատարում վերջինիս։ Պարբերական այցելությունների նպատակն է նման անձանց պահման պայմանների և առողջական վիճակի վերահսկումը և օգնությունը՝ կապ պահել ընտանիքի անդամների հետ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն գերիների և պատանդների վերադարձի գործընթացն իրենց իրավասություններից դուրս է։
«Մենք նման հարցերով որևէ մարմնի հետ որևէ բանակցություն չենք վարում, բայց այն դեպքում, եթե համապատասխան մարմինները որոշում կայացնեն վերջինիս վերադարձնել հայրենիք, մեր կազմակերպությունը, որպես անկախ, անկողմնակալ միջնորդ, կարող է կազմակերպել այդ գործընթացը։ Բայց բանակցային գործընթաց որևէ դեպքում, ներառյալ այս դեպքում, մենք չենք վարում։ Դա մեր մանդատի հետ որևէ կապ չունի։ Սակայն Կարեն Ղազարյանին այցելությունները կշարունակվեն նույն կարգով՝ անկախ այն բանից, թե որտեղ է նշված անձը գտնվում», - նշեց Զառա Ամատունին։
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը միաժամանակ տեղեկացրեց, որ գերիների և պատանդների առողջական և պահման պայմանների մասին իրենք հրապարակային տեղեկություններ չեն տալիս, այդ թեմաները գտնվում են բացառապես իրենց ուշադրության կենտրոնում։
«Դրանք մենք քննարկում ենք համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների և ընտանիքի անդամների հետ», - ամփոփեց Զառա Ամատունին։
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը նախօրեին Ադրբեջանում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։ Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է՝ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիական անձ։
Ադրբեջանում է հայտնվել 2018թ. հուլիսին՝ անհայտ պայմաններում (ըստ ամենայնի մոլորվելու հետևանքով) ու այս երկրի կողմից ներկայացվել որպես դիվերսանտ։