28/02/2019 17:00
Փաշինյանը մայիսի 9-ին նենց բարձր պլանկա դրեց, որ հիմա դրա տակից դուրս գալը շատ դժվար է. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)
Aysor.am-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման, դրանից բխող բանակցային գործընթացի հավանական զարգացման, ՀՀ-Իրան հարաբերությունների խորացման մասին:
«Յուրաքանչյուր հայտարարությունից հետո, որ անում է Հայաստանի վարչապետը, ինձ մոտ ամրապնդվում է այն տեսակետը, որ մեր նոր իշխանությունն ու վարչապետ Փաշինյանը չունեն ամբողջական հստակ հայեցակարգ՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ կապված, ինչը շատ վտանգավոր է: Ի՞նչ է նշանակում վարչապետ է, ու 10 ամիս հետո մասնակցում է հանդիպման ու ասում՝ հստակ օրակարգ չկա», - ասում է Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից հնչող հայտարարություններին՝ Շարմազանովը նշում է, որ Ալիևը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Արցախին ու չի բացառում ռազմական լուծումը: Նա ընդգծեց, որ հաճախ Ադրբեջանի կողմից հնչած հայտարարություններին պատշաճ պատասխան չի տրվում:
«Ալիևը հրապարակային ասել է, որ բանակցություններում Ադրբեջանի դիրքերը բարելավվել են: Երբեք Ալիևի ասածը հալած յուղի տեղ չեմ ընդունել, բայց երբ իմ երկրի ղեկավարությունը լռում է կամ դրան հակափաստարկներ չի ներկայացնում, այ դա դառնում է մտահոգիչ», - նշում է նա:
Շարմազանովը պնդում է, որ քաղաքականության մեջ կարևորն արդյունավետությունն է, ու զգացական մակարդակով խոսելը ճիշտ չէ:
«Ես ասել եմ՝ քաղաքականության մեջ կարևորն արդյունավետությունն է, էդ հպարտ, ոչ հպարտ, ծուռ վզով, երջանիկ… դրանք բառեր են, որոնց տակը բան չկա», - ասում է նա:
Շարմազանովը նաև նկատում է, որ մայիսի 9-ին Ղարաբաղում Փաշինյանը այնքան բարձր պլանկա դրեց, որ հիմա դրա տակից դուրս գալը շատ դժվար է.
«Մարդը միանգամից հայտարարեց՝ Արցախը պետք է վերադառնա ամբողջական բանակցություն: Ո՞ւր ա: Հասարակության մոտ այնպիսի տպավորություն էր, որ նախորդ իշխանություններն այնքան ապաշնորհ են եղել, որ կես ժամում Փաշինյանը կգա ու Բակո Սահակյանը կամ Մասիս Մայիլյանը կհայտնվեն բանակցությունների սեղանին: Հիմա հարց եմ տալիս՝ մայիսի 9-ին հայտարարել ես, վաղը գարունա գալիս՝ ո՞ւր ա»:
Մանրամասները՝ տեսանյութում