28/02/2019 00:03
Փաշինյանը հայտնել է Ալիևի հետ սպասվող հանդիպման մասին, որը լինելու է առանց օրակարգի (Տեսանյութ)
Հայաստանի կառավարության առաջնային խնդիրներից մեկը բանակցային գործընթացում Ղարաբաղի սուբյեկտության բարձրացումն է, Թեհրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ներկաներից մեկի հարցին։
«Պետք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ: Դա լինելու է առանց օրակարգի հանդիպում, բայց դրա կարևոր ուղենիշներից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկումը: Քանի դեռ ֆորմատի վերաբերյալ համաձայնություն ձեռք չենք բերել, շփումները պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի», - ասել է Ն.Փաշինյանը, գրում է Tert.am-ը։
«Ես խոսում եմ Հայաստանի անունից, որովհետև ՀՀ վարչապետն եմ, չեմ խոսում Արցախի անունից, որովհետև Արցախն ունի իր իշխանությունը: Բանակցային գործընթացում Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը: Պետք է ամեն ինչ անենք, որ Ղարաբաղը բանակցային գործընթացի սուբյեկտության նոր մակարդակ ունենա», - նշել է նա։