01/03/2019 12:41
Մենք պետք է կարողանանք իսկապես պատվով փակել Մարտի 1-ի էջը. Արման Բաբաջանյան (Տեսանյութ)
Այն, ինչ տեղի ունեցավ անցած տարի, ուղիղ կապ ունի 11 տարի առաջ տեղի ունեցածի հետ։ Այն իրադարձությունները, որոնք զարգանում էին 11 տարի առաջ Երևանում, նախանշում էին, որ այդ դրամատիկ իրադարձություններն ուղղակի անխուսափելի էին մեր երկրում, և չենք կարող նույն երկնքի տակ ապրել այնպիսի ոճրագործ իշխանության հետ, որն ընդունակ է սեփական քաղաքացիերին գնդակահարելու հրաման արձակել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Ուստի դասը, կարծում եմ, առնված է։ Մեր ժողովուրդն իր հստակ վերաբերմունքն ունի տեղի ունեցածի կապակցությամբ։ Մնում է, որպեսզի ուշի ուշով հետևենք դատական գործընթացին, որպեսզի ամբողջ գործողությունը դատարանում տեղի ունենա հնարավորինս անկաշկանդ մթնոլորտում, և բոլոր հարցերը, որոնք ցայսօր մնում են օդում, պատասխան գտնեն։ Մենք պետք է կարողանանք իսկապես պատվով փակել Մարտի 1-ի էջը, և այն հիշենք բոլորովին այլ խորհրդով և միտված լինենք դեպի մարտի 2-ը, մարտի 3-ը և մեր օրակարգը ձևավորենք բոլորովին այլ լույսի ներքո», - ասաց պատգամավորը։
Արման Բաբաջանյանը միաժամանակ նկատեց, որ «ընդհուպ Մոսկվաներից» փորձեր են արվել ազդել գործի քննության վրա։ Նա, սակայն, հույս հայտնեց, որ որոշ գործիչների նկատմամբ մեղադրանքն այնքան հիմնավոր կլինի, որ կասկածներ չեն մնա։