01/03/2019 16:58
Հայաստանն ու Իրանը գազ-էլեկտրաէներգիա փոխանակման մասին պայմանագիրը կերկարաձգեն մինչև 2040 թ.
Շուտով ավարտվելու է Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ ծավալի էներգիա արտահանել այդ երկիր, Սպահանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը:
Նրա խոսքով, այդ համատեքստում կարիք կա երկարաձգելու գազ էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանի և Իրանի միջև գործող պայմանագիրը, փոխանցում է Tert.am-ը:
«Որոշ հարցեր պետք է բանակցել նոր հզորությունների հետ կապված: Մոտ օրերս կստորագրենք բոլոր փաստաթղթերը, կմեկնարկի նոր ջերմաէլեկտրակայանի կառուցումը, և սրա համատեքստում կարևոր է, որ գազ-էլեկտրաէներգիա փոխանակման մասին պայմանագիրը նոր ծավալներով ու ավելի երկար լինի: Կարծում եմ, որ պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2040թ.», - նշեց Գարեգին Բաղրամյանը:
Նա հայտնեց, որ առաջիկա մեկ ամսում պատրաստ կլինի պայմանագրի նախագծի տեքստը, որը առարկայական քննարկումներ սկսելու համար կուղարկվի Իրան: