01/03/2019 17:24
Առաջիկայում հույն գործարարների պատվիրակություն կժամանի Հայաստան
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Ազգային ժողովի նախագահը, ողջունելով դեսպանին, ընդգծել է երկու ժողովուրդների միջև ձևավորված բազմադարյա պատմական կապերը, հոգևոր և մշակութային առնչությունները: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը պատրաստակամ է առավել խորացնելու և ամրապնդելու ձևավորված ավանդական հարաբերությունները:
Օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է 2014 թ. սեպտեմբերին Հունաստանի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունումը: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը նշել է նաև, որ 2015 թ. մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:
Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, կարևորել է Հայաստանում սահմանադրական նորմերին համահունչ անցկացված խորհրդարանական ընտրությունները:
Դեսպանը, խոսելով երկու ժողովուրդների բարիդրացիական ամուր կապերի մասին, համատեղ ծրագրերը շարունակելու և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ կողմերն ընդգծել են բարեկամական խմբերի, ինչպես նաև այլ ձևաչափերով ակտիվ շփումների ու փոխայցերի անհրաժեշտությունը, ինչը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնմանը:
Զրուցակիցները քննարկել են հայ-հունական բազմոլորտ համագործակցության օրակարգը, կարևորել մասնավորապես առևտրատնտեսական կապերի խթանումը՝ ընդգծելով, որ երկկողմ փոխգործակցության զարգացման ու խորացման դեռևս չիրացված մեծ ներուժ կա: Դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է հույն գործարարների պատվիրակության այց Հայաստան՝ տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները քննարկելու համար:
Խոսելով իրականացվող մշակութային և կրթական համատեղ ծրագրերից՝ Արարատ Միրզոյանն արժևորել է հունական կառավարության կողմից տարիներ շարունակ ռազմական և քաղաքացիական կրթության ոլորտում ցուցաբերվող աջակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր մակարդակներում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցության, Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացներին: