01/03/2019 14:08
Մարզպետարաններում 40 տոկոսը աշխատանք չի կատարում. Նախարարը հայտարարում է նոր կրճատումների մասին
Առաջիկայում կառավարությունը խորհրդարանի դատին կներկայացնի տարածքային կառավարման մասին օրինագիծ, որի համաձայն մարզպետարաններում աշխատակազմի կրճատումներ կլինեն, այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Փաթեթը պատրաստ է, պետք է նրկայացվի քննարկման: Խոսքը յուրաքանչյուր մարզպետարանում աշխատակազմերի մինչև 30 տոկոսի կրճատման մասին է», - հավելեց նախարարը:
Օրինակ` Արագածոտնի մարզում 28 տոկոսով կլինեն կրճատումներ, այսինքն`121 աշխատակցից կրճատումների պատճառով կմնա 87-ը: Այժմ ամենամեծ աշխատակազմն ունի Գեղարքունիքի մարզպետարանը`186 աշխատողով: Նախատեսվում է, որ բոլոր մարզպետարաններում կլինի մեկ տեղակալ`1 օգնականով: Իսկ մարզպետը կունենա 2 օգնական: Մինչ այժմ մարզպետներն ունեցել են երեք տեղակալ:
«Սա տալու է օպտիմալ կառավարում, որովհետև մենք ուսումնասիրություն ենք կատարել ու պարզել ենք, որ աշխատակիցների 40 տոկոսը, ըստ էության, աշխատանք չի կատարում, չեմ ասում`ոչինչ չի անում, բայց նրա փոխարեն, դա կարող է անել մեկ այլ աշխատող: Մենք չենք փորձում խաղալ մարդկանց ճակատագրերի հետ, մենք չենք ուզում մարդկանց դարձնել աշխատազուրկ, մենք ուզում ենք կառավարումը դարձնել արդյունավետ: Պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն պրոֆեսիոնալները, ովքեր ոլորտին տիրապետում են և ոչ թե նրանք, ովքեր ունեցել են խնամի, ծանոթ բարեկամ ու հարմար տեղավորվել են այդ գործին», - հայտարարեց Պապիկյանը:
Դիտարկմանը, թե նոր իշխանություններն էլ պատրաստվում են իրենց խնամի-ծանոթ-բարեկամներին բերել իրենց հետ, Պապիկյանն արձագանքեց` հորդորելով ներկայացնել փաստեր:
«Չկա նման բան», - ասաց Պապիկյանը: