01/03/2019 15:15
Որքանով է ֆենթեզի գրականությունն արդիական Հայաստանում. հանդիպում հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանի հետ
Մարտի 2-ին՝ ժամը 18։30-ին, Երևանի «Զանգակ» գրատանը (հասցե՝ Աբովյան 7), տեղի կունենա հանդիպում թարգմանիչ, հեքիաթագետ և տեսաբան Ալվարդ Ջիվանյանին հետ։ Հետաքրքրվողները հնարավորություն կունենան հեղինակի հետ զրուցել գերբնականի, ֆենթեզի ժանրի և իր թարգմանությունների շուրջ:
Բանասիրական գիտությունների դոկտոր Ալվարդ Ջիվանյանը ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր է:
«Զանգակ» հրատարակչության մանկապատանեկան գրականության բաժնի գլխավոր խմբագիրն է, «Հարրի Փոթեր» վիպաշարի, «Ալիսը հրաշքների աշխարհում» վեպի և բազում այլ գրքերի թարգմանիչ-խմբագիր:
«Հրաշապատում գրականությունն արդիական է այնքանով, որ ժամանակակից արձակի գերակա ուղղություններից է, ունի մեծ պահանջարկ, մասնավորապես թարգմանական գրականության տեսքով, թեև այսօր գրեթե բոլոր հրատարակիչներն ակնկալում են, որ ժանրում իրենց խոսքը կասեն նաև ժամանակակից հայ հեղինակները: Այս հանդիպումն ավելի շատ առնչվում է հրաշապատում ժանրի տեսական հարցերի՝ կառուցվածքային, ժամանակագրական, լեզվափիլիսոփայական և հոգեվերլուծաբանական հնարավոր մեկնություններին, կարելի է ասել նաև գերբնականի «անատոմիային», գերբնականին՝ որպես անհրաժեշտություն և հնարավորություն», - նշել է Ալվարդ Ջիվանյանը:
Նշենք, որ հանդիպման մուտքն ազատ է։ Այն նախատեսված է ուսանողների, հեքիաթագետների, դասախոսների, «Հարրի Փոթեր» վիպաշարի գիտականությամբ հետաքրքրվող անձանց համար: Հանդիպումը նախատեսված չէ երեխաների համար: