01/03/2019 18:00
Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրենը չի վերադարձրել կնիքը, չի ազատել տարածքը, որտեղ ապրում է իր շների հետ. Նազենի Ղարիբյան
Արդեն 2 ամիս է՝ Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը չի վերադարձրել կնիքը, չի ազատել տարածքը, որտեղ ապրում է իր շների հետ, չի ներկայանում հանձնաժողովի նիստին, որպեսզի հանձնման-ընդունման կարգը կատարվի, լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե իր զանգով կասեցվել է Խորեոգրաֆիայի թատրոնի հյուրախաղերը Գյումրի, պատասխանեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:
«Խորեոգրաֆիայի նախկին տնօրենի պայմանագրի ժամկետն ավարտվել է նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին, նույն օրն էլ Լիլիթ Մակունցի կողմից ստորագրվել է Լիլիթ Փալանջյանին թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հրամանը: Հիմա, չգիտես ինչպես, օրենքից դուրս հյուրախաղեր է կազմակերպում: Ինքն այլևս այդ թատրոնի տնօրենը չի, ինչպե՞ս կարող է նման բան անել: Այդ պատճառով ես զանգեցի Գյումրու թատրոնի տնօրենին ու ասացի՝ եթե գալիս են որպես մասնավոր թատերախումբ, խնդրեմ, բայց եթե ներկայանալու են որպես Մշակույթի նախարարության Խորեոգրաֆիայի պետական թատրոն, ապա` ոչ: Դա ապօրինի հյուրախաղ է, որի ամբողջ պատասխանատվությունը Գյումրու թատրոնի վրա էր ընկնելու», - տեղեկացրեց բանախոսը: