01/03/2019 17:49
Երեկոյան մենք գնալու ենք վիսկի խմելու. Մշակույթի նախարարի պաշտոնակատարն ու Համազգային թատրոնի ստեղծագործական կազմը կհամատեղեն հաճելին ու օգտակարը
Եթե դուք մտածում եք, թե կուսակցական թատրոն լինելը շատ վատ բան է, ուրեմն այո, դա կարող է վնասել թատրոնի վարկանիշին: Բայց ես այդպես չեմ մտածում,այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրողի՝ ե՞րբ է Համազգային թատրոնը եղել կուսակցական, և արդյոք պաշտոնյայի կողմից նման հայտարարությունը չի վնասում թատրոնի վարկանիշին հարցին՝ նկատեց ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը:
«1991 թվականին, երբ Համազգային թատրոնը հիմնադրվել է, մասնավոր է եղել: Հիմնադրողը՝ բոլորիս շատ սիրելի Սոս Սարգսյանն, այդ ժամանակ Դաշնակցական կուսակցության անդամ էր, այդ կուսակցությունն այդ տարիներին շատ հարգված էր Հայաստանում: Նորից եմ կրկնում, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Ինչո՞ւ պիտի դա խանգարի թատրոնի վարկանիշին: Ի վերջո, 2003 թվականից այդ թատրոնը կուսակցական չի, ոչ էլ մասնավոր է, ոչ էլ համազգային է. այն 2003 թվականին դարձել է պետական թատրոն, այդ հարցը փակված է», - նշեց նա:
Երեկ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում ևս ասուլիս էր հրավիրվել, որին ներկա էր նաև Սոս Սարգսյանի այրին՝ Նելլի Սարգսյանը, ով իր վրդովմունքն էր հայտնել թատրոնի հնարավոր լուծարման վերաբերյալ:
Լրագրողի դիտարկմանը՝ չի պատրաստվում արդյոք ստեղված իրավիճակի համար նախարարի պաշտոնակատարը ներողություն խնդրել ՊՈԱԿ-ների տնօրեններից և դերասանի այրուց՝ Նազենի Ղարիբյանն ընդգծեց.
«Ներողություն խնդրելու կարիք չունեմ, որովհետև վիրավորելու որևէ մտադրություն չեմ ունեցել: Չեմ գտնում, որ իմ խոսքերում կամ գործողություններում եղել է մի բան, որը կվիրավորեր Սոս Սարգսյանի հիշատակը, ում ֆիլմերի հիման վրա նաև ես եմ մեծացել ու դաստիարակվել… Ասեմ, որ այս հարցն այլևս գոյություն չունի: Երեկ ես իրենց հրավերով գնացել եմ ներկայացման, որից հետո հանդիպեցինք. նախ՝ ներկայացումը քննարկեցինք, կառուցողական զրույց ունեցանք, այնուհետև այս խնդրի մասին խոսեցինք… Ասեմ, որ այսօր երեկոյան մենք գնալու ենք վիսկի խմելու», - ժպիտով տեղեկացրեց նախարարի պաշտոնակատարը: