01/03/2019 15:24
Որևէ ՊՈԱԿ-ի լուծարման, փակման մասին խոսք գնալ կարող է միայն այն դեպքում, եթե ունենանք այլընտրանքային առաջարկելու տարբերակներ. Նազենի Ղարիբյան
Կառավարությունից այսպիսի հանձնարարականներ մենք ստանում ենք գրեթե ամեն օր: Այս անգամ հանձնարարվել էր ուսումնասիրելու, վերլուծելու մեր ՊՈԱԿ-ների գործունեության դաշտն՝ օպտիմալացման առումով առաջնորդվելով ոչ թե խնայողության կամ կրճատումների ճանապարհով, այլ՝ պատասխանատվության խմբավորման, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով շրջանառության մեջ հայտնված ՀՀ մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ների գործունեության, դրանց աօտիմալացման կամ լուծարման մասին տեղեկանքին՝ նշեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:
«Նախարարության մասնագիտական բոլոր վարչությունները (Ժամանակակից արվեստների վարչություն, Մշակութային ժառանգության վարչություն, Մոնիթորինգի վարչություն) մասնակցել են այդ աշխատանքին՝ պատրաստելով մեր բոլոր ՊՈԱԿ-ների վերաբերյալ տեղեկություն ու վերլուծություն, ու այդ տեղեկանքը համապատասխան ժամկետների մեջ ուղարկվել է Կառավարություն: Սակայն դա չի նշանակում, որ Կառավարությունն այն պետք է ընդունի ի գիտություն և որոշում կայացնի: Հստակ նշեմ, որ խոսքը գնում է ընդամենը սևագիր տեղեկանքի մասին, ու այնտեղ տեղ գտած տարբեր վերլուծություններ տարբեր աստիճանի ուսումնասիրությունների արդյունք են. կան ՊՈԱԿ-ներ, որոնց մասին վերլուծությունը լիովին հիմնավորված է, որոշներն էլ՝ գուցե դեռ ուսումնասիրման կարիք ունեն: Հենց այդ պատճառով էլ այս սևագիր թուղթը հանրային քննարկման չի դրվել, սա վերջնական տարբերակը չէ», - մանրամասնեց Ն. Ղարիբյանը:
Բանախոսը տեղեկացրեց՝ կան մեկ-երկու ՊՈԱԿ-ներ, որոնք արդեն իսկ պատրաստ են միավորվելու: Ու քանի որ նրանց մասին վերլուծությունը լրովին ու հիմնավոր է կատարվել, անձամբ հանդիպել է այդ ՊՈԱԿ-ների տնօրենների հետ:
«Հավատացնում եմ, որևէ ՊՈԱԿ-ի լուծարման, փակման մասին խոսք գնալ կարող է միայն այն դեպքում, եթե ունենանք այլընտրանքային առաջարկելու տարբերակներ: Անհնար է, որ ասենք՝ փակում ենք, գնացեք ու ինչ ուզում եք՝ արեք», - նշեց նա:
Մշակույթի նախարարությունն իր ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ների տնօրեններին երկուշաբթի՝ մարտի 4-ին, հանդիպում-քննարկման է հրավիրել: