04/03/2019 21:51
Հայաստանը համանախագահների միջոցով Ադրբեջանին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման իր տեսլականը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանը հավատարիմ է կառուցողական երկխոսությանը`ուղղված ամուր խաղաղության հաստատմանը, EurActiv պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տարածաշրջանի բնակչությանը հակամարտության խաղաղ կարգավորմանը պատրաստելու համար ես հայտարարել եմ, որ կարգավորումը պետք է հաշվի առնի բոլոր երեք կողմերի շահերը՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի: Ես քննադատության եմ արժանացել հայ հասարակության և լրատվամիջոցների կողմից, քանի որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է նույնպես վարվել: Ավելին, նրա ագրեսիվ հռետորաբանությունը բացասական ազդեցություն է ունենում խաղաղությանը պատրաստելու իմ ջանքերի վրա և վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին», - ասել է Ն.Փաշինյանը։
Նրա խոսքով, անհրաժեշտ է ներգրավել Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում, ինչը ի վերջո կսահմանի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և կապահովի այնտեղ բնակվող մարդկանց անվտանգությունը։
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ 2019 թվականը «նոր խթան կհաղորդի» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, Ն.Փաշինյանն ասել է.
«Դրական է, եթե «նոր խթան» ասելով, նախագահ Ալիևը նկատի ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Եթե ոչ, ապա դա պարզապես հերթական հայտարարությունն է»:
«Իհարկե, մենք կցանկանայինք նոր բովանդակություն հաղորդել խաղաղ գործընթացին և արդեն իսկ ներկայացրել ենք մեր տեսլականը (ԵԱՀԿ Մինսկի խմբի) միջնորդների միջոցով ադրբեջանական կողմին։ Խաղաղությունը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում, և մենք լի ենք վճռականությամբ ջանքեր գործադրել տևական և կայուն խաղաղության հասնելու համար», - ասել է Ն.Փաշինյանը։