04/03/2019 13:54
Ղարաբաղի վերաբերյալ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու. Ռոբերտ Քոչարյան
Ղարաբաղյան կարգավորման մեջ կան մի շարք սկզբունքային դրույթներ, որոնց վերաբերյալ իշխանությունները պետք է հստակ մոտեցումներ ունենան բանակցություններ սկսելուց առաջ, «168 Ժամ»-ին տված հարցազրուցյում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ինչպիսի բացատրություններով էլ որ չփորձի քողարկել Փաշինյանը բանակցությունները, դրանք, այնուամենայնիվ, տեղի են ունենում։ Կասկած է առաջացնում նույնիսկ ոչ թե՝ բանակցությունների բուն փաստը, այլ այն ջանասիրությունը, որով վարչապետը փորձում է հրաժարվել դրանց գոյությունից։ Հանրությանը հայտնի չէ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը, քանի որ այն մինչ օրս չի բարձրաձայնվել, և հենց դա էլ անհանգստություն է առաջացնում։ Ինչպե՞ս կարելի է հաջող բանակցություններ վարել՝ առանց ձևակերպված դիրքորոշման։ Բանակցություննները պարապ հավաքույթներ չեն, այլ ձեռք բերված հաջողությունների ամրագրման գործիք,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել է՝ ակնհայտ է, որ Ալիևը հեշտությամբ առավելության հասավ Փաշինյանի նկատմամբ։
«Դուշանբեի վերելակային բանակցությունները, փաստորեն, թաղեցին մեզ ձեռնտու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ շփման գծում վստահության միջոցների ամրապնդմանը միտված համաձայնությունները։ Իսկ դրանք հենց այն գինն էին, որ Ադրբեջանը վճարում էր Ապրիլյան պատերազմի սանձազերծման համար»,-նշել է նա՝ հավելելով. «Պատերազմ, որում մենք ավելի քան հարյուր մարդ կորցրեցինք։ Կարևոր չէ, թե ինչը դարձավ վարչապետի այդպիսի գործողությունների պատճառ՝ գիտացված ընտրությո՞ւնը, թե՞ իր անիրազեկվածությունը։ Երկու դեպքում էլ դա մեծ սխալ է։ Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու»։
Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ խանգարելու է Ղարաբաղի «հանձնման» ցանկացած փորձ։
«Այս իշխանության օրոք ոչինչ բացառել չի կարելի։ Այսպես թե այնպես, ես խանգարելու եմ Ղարաբաղի «հանձնման» ցանկացած փորձ՝ անկախ իմ գտնվելու վայրից։ Վստահ եմ, որ այդպես են վարվելու բոլոր նրանք, ում համար Արցախը հայկական ինքնության մաս է կազմում։ Ի դեպ, դա այն է, ինչը բացակայում է վարչապետի և նրա թիմի մեծ մասի մոտ։ Արցախի անկախության և ռազմական հաջողությունների հետ նրանք ոչ մի առնչություն չունեն և ատում են բոլոր նրանց, ովքեր այդ հաղթանակի համար պայքարել են։ Այդ իսկ պատճառով հասարակությունը պետք է վերահսկի նրանց ամեն մի քայլը ղարաբաղյան հարցում։ Ոչ մի դեպքում չի կարելի հավատալ վարչապետի հակասական հայտարարություններին»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը։