04/03/2019 13:09
Իրանն անընդունելի է համարել «Արցախը Հայաստանն է և վերջ» պաստառի ցուցադրությունը Թեհրանի «Արարատ» ակումբում
Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին արձագանքել է ադրբեջանական մամուլի բողոքին՝ կապված «Արցախը Հայաստանն է և վերջ» պաստառի ցուցադրությանը Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ:
Իրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է երկխոսության միջոցով Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, հայտարարել է նա, փոխանցում է IRNA գործակալությունը:
Բահրամ Ղասեմին մեկ անգամ ևս հայտնել է իրանական կողմի պատրաստակամությունը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը, ի պատասխան ադրբեջանական պարբերականի հարցին՝ կապված Հայաստանի վարչապետի վերջերս Թեհրան կատարած այցի հետ, ասել է, որ Իրանն Ադրբեջանի, Հայաստանի և հարևան մյուս երկրների կայունությունը, անվտանգությունը և տնտեսական զարգացումը համարում է այս զգայուն տարածաշրջանի համար ընդհանուր առաջընթաց:
«Ինչպես բազմիցս ասել եմ, Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը բոլոր հարևան երկրների հետ հարաբերություններում պարզ է: Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը համարվում է հարևան երկրների հետ հարաբերությունները: Մենք շահագրգռված ենք մեր հարևանների հետ ամուր հարաբերություններ հաստատել՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, առանց ներքին գործերին միջամտելու և կապերը զարգացնելու ջանքերով: Մեր տեսանկյունով՝ Իրանի հարաբերությունները հարևաններից որևէ երկրի հետ անկասկած չեն ազդի այլ երկրի շահերի վրա», - մանրամասնել է նա:
Ղասեմին նշել է, որ Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների վրա ղարաբաղյան հակամարտությունը չպետք է ազդեցություն ունենա՝ ընդգծելով ղարաբաղյան հիմնախնդիրը բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը:
«Հայաստանի վարչապետի ներկայությունն «Արարատ» մարզական համալիրում և Իրանի հայ համայնքի հետ հանդիպումը չի հանդիսանում չհիմնավորված գործողություն, բայց, անկասկած, այս համալիրում հայոց լեզվով ղարաբաղյան հակամարտության մասին (Արցախը Հայաստանն է և վերջ՝ խմբ.) որոշ պաստառների ցուցադրությունը համարվում է կամայական և անընդունելի գործողություն», - ասել է Ղասեմին՝ հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ չի աջակցում այդ գործողությունները: