04/03/2019 15:11
ԼՂ հարցով բանակցություններ որևէ փաստաթղթի շուրջ ներկայումս չեն վարվում. Մնացականյան
ԼՂ կարգավորման հարցով բանակցություններ որևէ փաստաթղթի շուրջ ներկայումս չեն վարվում, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք առիթ ունեցել ենք բազմիցս բացատրելու, արտահայտելու, որ մայիսից ի վեր մենք որևէ պահ չենք հապաղել, չենք հետաձգել խաղաղ գործընթացը: Արդեն անմիջապես մայիսից հետո` հունիս ամսին, մենք ունեցանք առաջին շփումները համանախագահների հետ (նոր կառավարությունը): Հունիսին եղավ առաջին հանդիպումը ԱԳ նախարարների մակարդակով: Հուլիսին չկայացավ հանդիպում բրյուսելյան համաժողովի շրջանակներում: Սեպտեմբերին եղավ երկրորդ հանդիպումն արտգործնախարարների: Սեպտեմբերին եղավ շատ հստակ արդյունքով շփում վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև: Եղավ հանդիպում հետագայում նաև Սանկտ Պետերբուրգ, հետո հունվարին եղավ հանդիպում արտգործնախարարների նորից, և (վարչապետի ու Ադրբեջանի նախագահի) շփումը Դավոսում», - նշել է Զ.Մնացականյանը:
Նրա խոսքով, սա նպատակ է ունեցել մեզ համար հստակ ներգրավվելու գործընթացի մեջ և հստակեցնելու այն մոտեցումները, որ այս Կառավարությունն ունի խաղաղ գործընթացի համար:
«Սա է եղել տրամաբանությունը մինչև հիմա և շարունակում է մնալ, որովհետև մենք նպատակաուղղված աշխատելու ենք բացարձակապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Խաղաղությանն այլընտրանքը պետք է բացառել: Դա, նորից եմ կրկնում, չի նշանակում, որ բացակայում է վճռականություն հայկական որևէ կողմից: Բայց մենք նպատակաուղղված աշխատելու ենք խաղաղ կարգավորման ուղությամբ», - հայտարարել է նախարարը: