04/03/2019 16:00
Օպտիմալացումը նման է մկրատի, որով կարելի է ինչպես օգտակար գործ անել, այնպես էլ՝ մարդ սպանել. մասնագետ
Oպտիմալացումն իրենով լավ գործընթաց է, սակայն պետական մարմիններում կիրառելուց առաջ պետք է հիմնված լինի լուրջ ուսումնասիրությունների վրա, Aysor.am-ի հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանն՝ անդրադառնալով Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, որ մարզպետարանների աշխատակիցների 40 տոկոսն աշխատանք չի կատարում, և աշխատակազմերը մինչև 30 տոկոսով պետք է կրճատվեն։
Մասնագետի խոսքով, եթե պատկերավոր նկարագրելու լինենք, օպտիմալացումը նման է մկրատի, որով կարելի է ինչպես օգտակար գործեր անել, ասենք՝ գեղեցիկ զգեստ ձևել, այնպես էլ, օրինակ, մարդ սպանել։ Սերոբ Անտինյանն ընդգծեց՝ օպտիմալացումը, որպես կառավարման միջոց, վիրահատական գործիք է, հետևաբար մինչ «հիվանդությունը» չախտորոշվի, վիրահատական գործիքի դիմելը ժամանակավրեպ է։
«Հստակ պետք է սահմանվի խնդիրը, որոշվի այդ խնդրի իրագործման համար անհրաժեշտ գործառույթների ծավալը։ Իսկ մարզպետարանների մասով կարող եմ ասել հետևյալը. մեր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգը մարզպետարաններին նախատեսել է որպես կառավարության քաղաքականությունը մարզերում իրականացնող մարմին», - ասաց նա։
Կառավարման փորձագետը միաժամանակ նկատեց, որ մարզպետարաններում մոտ 30 տոկոսով կրճատումներ նախաձեռնելուց առաջ մարդկանց նախևառաջ պետք է այլընտրանքի հնարավորություն ընձեռել, նրանց վերապատրաստել կամ վերապրոֆիլավորել։
«Օպտիմալացման պրոցեսը հարկավոր է իրականացնել հնարավորինս բալանսավորված, որպեսզի մեկի հաշվին մյուսը շատ չտուժի, մասնավորապես, մարդկային գործոնը: Պետք է մարդկանց հնարավորություն տալ վերամասնագիտանալու, վերագտնելու իրենց աշխատանքային շուկայում, այլապես կունենանք սոցիալական լրջագույն խնդիր։ Ես, ընդհանուր առմամբ, դեմ եմ կացնային եղանակով կառավարման համակարգին մոտենալուն։ Գտնում եմ, որ այդ հարցին կարելի է մոտենալ ավելի ճկուն ձևով։ Պետք է լինի գործառույթների վերաբաշխում, կրճատումները պետք է կատարել բնակոնան ձևով», - ամփոփեց մեր զրուցակիցը։