04/03/2019 18:30
Ադրբեջանում հստակ հասկանում են, որ Հայաստանը չի գնալու միակողմանի զիջումների. Սուրեն Սարգսյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես հայտնի է, «168 Ժամ»-ին տված հարցազրուցյում ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրի կարգավորման թեմային։ Նրա որոշ դիտարկումների շուրջ Aysor.am-ը զրուցել է միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ։
- Պարոն Սարգսյան, կիսո՞ւմ եք երկրորդ նախագահի հայտնած այն տեսակետը, որ հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ է առաջացրել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ, և հենց այդ պատճառով էլ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու։
- Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ չեն հանդիպել։ Այն շփումները, որ ունեցել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, բացառապես այլ բնույթ են կրել։ Ըստ էության, բազմիցս նշվել է, որ մեծ հաշվով կողմերը ոչ թե բանակցել են, այլ ինչ-որ քննարկումներ են ունեցել՝ հասկանալու այս կամ այն հարցի շուրջ դիրքորոշումները։
Դժվարանում եմ պատասխանել՝ արդյոք այս շփումների ժամանակ ադրբեջանական կողմի մոտ ինչ-որ կարծիք կամ տպավորություն ձևավորվել է, թե ոչ։ Բայց կարծում եմ, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում հստակ հասկանում են, որ Հայաստանը չի գնալու միակողմանի զիջումների և չի անելու այնպիսի քայլեր, որոնք կարող են բերել Հայաստանի և Արցախի համար անդառնալի հետևանքների։ Կարծում եմ՝ սա բոլորի համար պարզ է, և կապ չունի՝ իշխանությունն ում կպատկանի, և ով կլինի հիմանկանա բանակցողը։ Չի կարող լինել այնպես, որ Հայաստանը գնա ոչ հայանպաստ գործողությունների։
- ՀՀ երկրորդ նախագահն իր հարցազրույցում նաև նշել է, որ որքան էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձի ջանասիրաբար քողարկել բանակցությունները, դրանք, այնուամենայնիվ, տեղի են ունենում։ Անձնապես այդպիսի տպավորություն ունե՞ք։
- Ո՛չ։ Կողմերն անընդհատ կրկնում են, որ սրանք բանակցություններ չեն, այլ կողմերն ընդամենը փորձում են դիրքորոշումներ ճշտել, և առաջիկայում արդեն նախապատրաստվում է բուն բանակցային գործընթաց՝ երկու պետությունների առաջնորդների մասնակցությամբ։ Թե ուր դա կտանի, դժվար է ասել։ Կարծում եմ՝ չափազանց կարևոր է, որպեսզի ձևաչափը պահպանվի, և հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ, այլ ոչ թե ուրիշ ձևաչափով բանակցություններ վարվեն։ Սա Հայաստանի համար սկզբունքային հարց է։
- Պարոն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանը նաև նշել է, որ Դուշանբեի վերելակային բանակցությունները թաղել են մեզ ձեռնտու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ շփման գծում վստահության միջոցների ամրապնդմանը միտված համաձայնությունները։ Դուք և՞ս այդպես եք կարծում։
- Մենք պետք է գիտակցենք, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները պետք է անպայման իրականացվեն։ Սա Հայաստանի համար սկզբունքային դիրքորոշում պետք է լինի։ Քանի որ համանախագահների ներկայությամբ հանդիպում դեռևս չի եղել, ես կսպասեի, որպեսզի հանդիպումը կայանար, այնուհետև հայտարարություն տարածվեր և հանրությանը հստակ տեղեկատվություն տրամադրվեր՝ արդյոք այդ պայմանավորվածությունները դեռևս ուժի մեջ են, թե անցել են պատմության գիրկը։