05/03/2019 15:17
Իրանական կառավարությունն Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի նախագիծը ներկայացրել է երկրի խորհրդարան. իրանահայ պատգամավոր
Իրանական կառավարությունն Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի նախագիծը ներկայացրել է երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով հանձնաժողով։ Հանձաժողովում քննարկվելուց հետո այն կուղարկվի պառլամենտի լիագումար նիստ՝ հետագա քննարկման, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը։
«Կառավարությունը ներկայացրել է հանձնաժողով, հանձնաժողովը կքննի, որից հետո արդյունքը կփոխանցվի խորհրդարանի լիագումար նիստին։ Կարծում եմ՝ դա տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում», - ասաց նա։
Անդրադառնալով նախագծի շուրջ ադրբեջանցի պատգամավորների հնարավոր հակազդեցությանը՝ Ժորժիկ Աբրահամյանը նման զարգացումը գրեթե բացառեց։
«Ընդհանուր այդ հասկացողությունը չկա։ Նման նախագծերն անցնում են գրեթե առանց հակասության՝ ավելի շատ առաջնորդվելով երկրի շահով։ Ընդհանուր քաղաքականությունը դա է։ Կարող է պատահի, որ ուրիշները կարծիք ունենան, արտահայտվեն, բայց ինձ թվում է, որ դա կանցնի», - ասաց իրանահայ պատգամավորը՝ հավելելով, որ խորհրդարանի լիագումար նիստում քննարկվելուն կհետևի նախագծի վավերացման գործընթացը։
Ըստ նրա՝ վավերացումից հետո էլ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի նախագիծը պետք է ուղարկվի Սահմանադրական օրենքը հսկող մարմին, որի հաստատումից հետո էլ այն վերջնականապես օրենքի ուժ կստանա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այդ երկրի նախագահի հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր.
«Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր` մեզ համար կարևոր է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը խորհրդարաններում վավերացվելու գործընթաց է անցնում: Ըստ ամենայնի, այն ուժի մեջ կմտնի մեր նախագահության շրջանում: Սա նոր հնարավորություններ է բացելու մեր առևտրաշրջանառությունը մեծացնելու և մեր երկրների գործարար շրջանակների համար: Եվ մենք պետք է քաջալերենք մեր գործարար շրջանակներին` օգտվել այդ հնարավորություններից»։