05/03/2019 17:28
Քառակողմ էներգետիկ համագործակցության շուրջ տեսլականը Հայաստանը պետք է քննարկի նաև վրացական կողմի հետ. վրացագետ
Իրանական կողմից էներգետիկ բնագավառում քառակողմ համագործակցության առաջարկը նորություն չէ։ Տարբեր հանդիպումների ժամանակ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար բարձրաձայնում են նշված հարցի մասին՝ շեշտելով, որ Հայաստանն ու Վրաստանը կարող են տարանցիկ երկրներ դառնալ Պարսից ծոցի և Սև ծովի միջև, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման ընթացքում վերջինիս հայտնած այն մտքին, որ Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից դիտարկվել է նաև համագործակցությունը եռակողմ` Վրաստանի և քառակողմ` Ռուսաստանի հետ։
«Իրանական կողմը, միաժամանակ, նախատեսում է, որ միավորող միջանցքը կարող է անցնել կա՛մ Ադրբեջանի, կա՛մ Հայաստանի տարածքով։ Այս թեմայով խոսակցությունները պարբերաբար շրջանառվում են, սակայն վերջին տարիներին Վրաստանի և Իրանի միջև միակ փորձը եղել է գազի փոխանակման գործարքը, որը տեղի է ունեցել 2016 կամ 2017 թվականներին։ Դրանից հետո որևէ այլ քայլ չի իրականացվել», - հիշեցրեց մեր զրուցակիցը։
Ջոնի Մելիքյանի խոսքով՝ եթե Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ օդային էլեկտրահաղորդման գիծը շահագործման հանձնվի՝ ընդլայնելով էլեկտրաէներգիայի փոխանակման հնարավորությունները, այդ պարագայում թե՛ Հայաստանը կարող է մեծացնել Իրանից ստացվող գազի ծավալները և Իրանին ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարել, թե՛ հնարավոր կդառնա նույնօրինակ համաձայնագիր կնքել Վրաստանի և Իրանի միջև։
«Չէի ասի, որ փոխանակման այդ համակարգից մենք լուրջ գումարներ կաշխատենք, սակայն փոխարենը քաղաքական բավական մեծ դիվիդենտներ կստանանք՝ օղակ դառնալով իրանական և վրացական կողմերի միջև։ Սա շատ կարևոր է, քանի որ Թեհրանի հետ հարաբերություններում Թբիլիսին հաշվի է առնում Միացյալ նահանգների կարծիքը», - ասաց վրացագետը։
Ջոնի Մելիքյանը բանավոր պայմանավորվածություններին զուգահեռ՝ խիստ կարևորեց նաև դրանց իրականացմանն ուղղված գործնական քայլերը՝ նկատելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն քառակողմ էներգետիկ համագործակցության շուրջ տեսլականը պետք է քննարկի նաև վրացի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։
«Պետք է ձևերն ու մոտեցումները հասկանալ, որպեսզի Վրաստանն առաջին հերթին կարողանա նախ ԱՄՆ-ին չզայրացնել, երկրորդ՝ իր համար տնտեսապես ավելի ապահով իրավիճակ ստեղծել», - ամփոփեց վրացագետը։