05/03/2019 16:11
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի հետ քննարկել է Հայաստանի ԱԱԾ տնօրենի հայտարարությունը
ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները:
«Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ուղղված չեն խաղաղությանը: Օրինակ, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի վերջին հայտարարությունը: Ես խոսել եմ այդ հարցի շուրջ այսօր հեռախոսազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ», - ասել է Է.Մամեդյարովը:
Արցախ կատարած այցի ընթացքում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը:
«Այն ծրագիրը, որն անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, իմ և մեր բոլորի օբյեկտիվ գնահատականով մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու։ Որովհետև այն խոսքերը, այն արտահայտությունները և այն մարդիկ, որոնք միշտ շահարկում են թեման, թե հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են և այլն, այդ ծրագրի արդյունքում մենք հստակ ուղերձ ենք տալու ողջ հայ ժողովրդին և ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, այլ ընդհակառակը, մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը», - ասել է Արթուր Վանեցյանը։