05/03/2019 11:32
ԵԱՀԿ-ն խոստացել է օգնել Հայաստանի կառավարությանը՝ հանրային միջոցները պետությանը վերադարձնելու հարցում
Կոռուպցիայի դեմ պայքարը չափազանց կարևոր է՝ երկրում օրենքի գերակայություն հաստատելու առումով, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին:
«Հարուցվել են մի շարք քրեական գործեր նախկին պաշտոնյաների նկատմամբ: Այդ ուղղությամբ բացահայտումները կշարունակվեն, և դատարանները պետք է որոշեն այդ քրեական գործերի ճակատագիրը: Այդ առումով չափազանց կարևոր է ապահովել դատարանների անկախությունը», - նշել է Ն.Փաշինյանը:
Նրա խոսքով, ՀՀ կառավարությունը սկզբից ևեթ ջանքեր է գործադրել՝ վերջ դնելու դատարանների որոշումների վրա ազդելու արատավոր գործելակերպին:
«Բայց ես վստահ չեմ, որ նախկին իշխանությունները, կամ եթե կուզեք օլիգարխիան, այլևս չեն օգտվում դատարանների որոշումների վրա ազդելու իրենց լծակներից ու գործիքներից: Այդուհանդերձ, մենք չենք պատրաստվում որևէ կերպ ներգործել դատարանների որոշումների վրա. մեր նպատակն է դատական համակարգը դարձնել իրապես անկախ», - ասել է Ն.Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ պետությունից թալանված միջոցները պետք է վերադարձվեն:
«Մենք հուսով ենք, որ մեզ կհաջողվի արդյունավետ համագործակցություն ծավալել Եվրոպական միության հետ այդ նպատակին հասնելու համար: Մեզ համար չափազանց կարևոր է, որ ԵԱՀԿ-ը խոստացել է օգնել Հայաստանի կառավարությանը՝ հանրային միջոցները պետությանը վերադարձնելու հարցում», - նշել է նա: