05/03/2019 09:50
«Փաստ». Վիտալի Բալասանյանը կառաջադրվի Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու
«Փաստ» թերթը գրում է, որ իր հավաստի տեղեկություններով, Արցախի հերոս, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կմասնակցի Արցախի Հանրապետության նախագահի՝ 2020 թ. կայանալիք ընտրություններին: Արցախի թերթի աղբյուրները նշում են, որ առաջիկայում տեղի կունենա «Արդարություն» կուսակցության համագումարը, որի ժամանակ էլ Վիտալի Բալասանյանը կառաջադրվի նախագահի թեկնածու:
Թերթը հիշեցնում է, որ դեռևս մեկ ամիս առաջ Բալասանյանը հայտարարել էր, որ վերջնական որոշում դեռ չունի: «Պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաև այցելել համայնքներ և հանդիպել մեր քաղաքացիների հետ՝ նրանց հետ քննարկելու 2020թ. հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու իմ առաջադրվելու նպատակահարմարությունը», - ասել էր նա: