05/03/2019 16:39
Պատրաստ եմ աշխատել Հայաստանի կառավարության հետ. ԱՄՆ դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահ Սարգսյանին (Տեսանյութ)
ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին այսօր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին հանձնել է իր հավատարմագրերը:
Դեսպան Թրեյսին նշել է, որ ուրախ է Հայաստանի համար այս պատմական ժամանակներում լինել այստեղ, տեղեկացնում է ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը:
«Պատրաստ եմ աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ ամրապնդելու հայ-ամերիկյան հարաբերությունները և աջակցելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին», - ասել է դեսպանը:
Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-ամերիկյան բարեկամությունն ու գործընկերությունը: Նախագահը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր հարուստ փորձառությունն ու գիտելիքները կներդնի՝ երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության առավել զարգացման համար:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ կշարունակեն համատեղ ջանքերը՝ նպաստելու երկու երկրների հարաբերություններում առկա պատկառելի ներուժի՝ հնարավորինս արդյունավետ օգտագործմանը: