05/03/2019 16:08
«Մենք մեր ժողովրդին խաղաղության նախապատրաստե՞նք, թե՞ այլ ուղղությամբ». Մամեդյարովի հարցը ԵԱՀԿ գործող նախագահին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ Բաքվում քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարց:
«Ես հանդիպման ժամանակ ներկայացրեցի Բաքվի դիրքորոշումը: Ընդհանուր առմամբ մենք քննարկել ենք հակամարտության կարգավորման ուղիները», - ասել է Մամեդյարովը՝ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Ադրբեջանցի դիվանագետի խոսքով՝ Լայչակը հաջորդ շաբաթ այցելելու է Երևան՝ Հայաստանի իշխանությունների հետ հակամարտության կարգավորման հարցերը քննարկելու նպատակով:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Մ.Լայչակին խնդրել է Երևան կատարելիք այցի ժամանակ Հայաստանի ղեկավարությունից պարզել, թե իրավիճակի ինչպիսի զարգացման պետք է նախապատրաստվել. «Մենք մեր ժողովրդին խաղաղության նախապատրաստե՞նք, թե՞ այլ ուղղությամբ»:
«Կան մի շարք գաղափարներ, որոնք ես հաջորդ շաբաթ կներկայացնեմ Երևանում», - իր հերթին ասել է Մ.Լայչակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը EurActiv պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանը հավատարիմ է կառուցողական երկխոսությանը` ուղղված ամուր խաղաղության հաստատմանը:
«Իհարկե, մենք կցանկանայինք նոր բովանդակություն հաղորդել խաղաղ գործընթացին և արդեն իսկ ներկայացրել ենք մեր տեսլականը (ԵԱՀԿ Մինսկի խմբի) միջնորդների միջոցով ադրբեջանական կողմին։ Խաղաղությունը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում, և մենք լի ենք վճռականությամբ ջանքեր գործադրել տևական և կայուն խաղաղության հասնելու համար», - ասել էր Ն.Փաշինյանը։