05/03/2019 11:43
Եվրամիության հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որևէ դավադրություն. ՀՀ վարչապետ
Եվրոպական միությունը Հայաստանի առաջ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց չի դնում, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին:
«Եվրամիության հետ մեր համագործակցության օրակարգն ամբողջությամբ միտված է բարեփոխումների իրականացմանը: Անշուշտ, Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ մենք շարունակում ենք մնալ ռազմավարական գործընկերներ, և ես կարծում եմ, որ հակասություններ չկան և չեն կարող լինել Ռուսաստանի և Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում: Դրանք թափանցիկ են, և ես կարևոր եմ համարում ընդծել, որ Եվրամիության հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որևէ դավադրություն, ճիշտ այնպես, ինչպես չկա դավադրություն Եվրոպական միության նկատմամբ` Ռուսաստանի հետ մեր շարունակական հարաբերություններում», - նշել է Ն.Փաշինյանը:
Նրա խոսքով, չափազանց կարևոր է համագործակցությունն էներգետիկայի բնագավառում, և «մենք մտադիր ենք զարգացնել այն Ռուսաստանի և Իրանի հետ»:
«Օրեր առաջ ես այցելեցի Իրան, և մենք քննարկեցինք էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացման հնարավորությունները», - նշել է վարչապետը: