05/03/2019 16:51
Սերգեյ Քյոսայանի հոբելյանին նվիրված համերգին հնչեցին ոչ միայն կոմպոզիտորի ստեղծագործությունները, այլև՝ մյուս դասականների
Փետրվարի 28-ին Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում, ուր շուրջ 30 տարի ղեկավարել է կոմպոզիտոր և մանկավարժ Սերգեյ Քյոսայանը, տեղի ունեցավ համերգ՝ նվիրված կոմպոզիտորի 100 ամյակին: Սա վերջին ամիսներին հոբելյարին նվիրված թվով 3-րդ համերգն էր: Նախաձեռնել էր «Գարի Քյոսայան» մշակութային հիմնադրամը:
Համերգից առաջ նոր ոսկետառ հուշատախտակ փակցվեց այն դասարանի պատին, որը կրում է կոմպոզիտորի անունը:
Երեկոյի հյուրերն էին սիրված ու տաղանդավոր արտիստներ Անահիտ Ներսիսյանը, Հասմիկ Անչարակյանը, Իզաբելլա Մարությանը, Ալեքս Գևորգյանը, Ալինա Ադամյանը, Հասմիկ Նալբանդյանը, Ալլա Սահակյանը և այլք, ովքեր ներկայացրեցին հատվածներ Ս. Քյոսայանի ստեղծագործություններից: Հնչեցին ոչ միայն նրա ստեղծագործությունները, այլև՝ այլ դասական կոմպոզիտորների:
Համերգը եզրափակեց կոմպոզիտորի որդին՝ Գարի Քյոսայանը՝ իր հեղինակային ստեղծագործություններով: Սերգեյ Քյոսայանի մասին հիշողություններով կիսվեց երաժշտագետ Արմեն Բուդաղյանը:
Նշենք, որ 1947-1952 թվականներին Սերգեյ Քյոսայանն աշխատել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ որպես փոխտնօրեն, իսկ 1952-ից մինչև կյանքի վերջ՝ 1979 թվականը, նույն դպրոցի տնօրեն էր: Նրա անաչառ աշխատանքի շնորհիվ այդ տարիներին երաժշտական դպրոցը տվել է բազմաթիվ համաշխարհային դափնեկիրներ, հայտնի և աշխարհահռչակ երաժիշտներ, որոնց թվում են Մեդեա Աբրահամյանը, Անահիտ Ներսիսյանը, Ժան Տեր Մերկերյանը, Արթուր Փափազյանը, Լևոն Աբրահամյանը, Էդվարդ Թադևոսյանը, Վահրամ Սարաջյանը, Ռուբեն Այվազյանը և ուրիշներ: