06/03/2019 18:36
Շառլ Ազնավուրի 95 ամյակին նվիրված հայաստանյան համերգին բեմում կլինեն Պատրիկ Ֆիորին, Սլիմանը, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Քեյթ Ռայանը և այլք
Մայիսի 26-ին՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան օրից ընդամենը 4 օր անց, Երևանի Մարզահամերգային համալիրում տեղի կունենա համերգ՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյեյի 95 ամյակին: «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող համերգ-հանդիպումը կանցկացվի Նիկոլյա և Քրիստինա Ազնավուրների հովանու ներքո: Նախագծի համահեղինակ, ֆրանսահայ պրոդյուսեր Հայկ Շահբազյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց՝ համերգի առաջարկը եղել է Հայաստանից՝ «ArmCentre Group»-ից:
«Առաջարկը ստացել է գործընկերս՝ «Anna Karolina» փրոդաքշնի տնօրեն Աննա Կարոլինան, ում հետ երկար տարիներ է՝ համագործակցում ենք: Միասին արդեն հասցրել են բազմաթիվ նախագծեր իրականացնել, վերջինը Փարիզում տեղի ունեցած «Armenian Europ Music Awards»-ն էր», - նշեց մեր զրուցակիցը:
Շառլ Ազնավուրի կատարումներով հայաստանյան բեմում կլինեն ճանաչված ֆրանսիացի արտիստներ Պատրիկ Ֆիորին, Սլիմանը, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Քեյթ Ռայանը և այլք: Հայտնի երաժիշտներին կնվագակցի Հայասանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ:
«Որպես հատուկ hյուր բեմում կլինի երիտասարդ երգիչ Րաֆֆի Արտոն: Բայց, թե ո՞ր երգերն են ընտրվել այդ օրվա համար՝ հանդիսատեսը կիմանա միայն համերգի ընթացքում: Նաև հետաքրքիր անակնկալներ կլինեն, որոնց մասին փակագծերը մինչ այդ չենք բացի: Միայն կարող եմ համոզված ասել, որ բոլորիս հրաշալի երեկո է սպասվում», - ընդգծեց Հայկ Շահբազյանը:
Համերգի գլխավոր ռեժիսորն է Լուսինե Մարտիրոսյանը: Ի դեպ, նախատեսվում է համերգային այս ծրագրով այլ երկրներում ևս հանդես գալ:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք Ֆրանսիայում բնակվող պրոդյուսերին երբևէ առիթ ընձեռվել է հանդիպել Շառլ Ազնավուրին, թե՞ ոչ:
«Իհարկե, մեծն մայեստրոյին հանդիպելու առիթ եղել է, ինչի համար շատ ուրախ եմ. «Armenian Europe Music Awards»-ի ժամանակ «Հայ-ֆրանսիական եղբայրության հավերժ սիմվոլ» մրցանակը մենք պետք է նրան հանձնեինք, սակայն չէր կարողացել ներկա լինել համերգին: Հենց ինքն էլ համերգից հետո ցանկություն հայտնեց հանդիպել ինձ և Աննային, որպեսզի անձամբ հանձնենք այդ մրցանակն իրեն: Կարճ, բայց հիշարժան հանդիպում էր», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց ֆրանսահայ պրոդյուսերը: