06/03/2019 17:35
Բաքուն չի էլ մտածում, որ ԼՂ հակամարտության կարգավորման որևէ տարբերակ պիտի ընդունելի լինի նաև Ղարաբաղի ու Հայաստանի ժողովրդի համար. վարչապետ (Տեսանյութ)
Հայաստանի կառավարության դիրքորոշումը Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ այս ամիսներին չի փոխվել, այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդհանուր առմամբ՝ այո՛, կան այնպիսի գնահատականներ, որ Հայաստանը Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում իր դիրքորոշումը կոշտացրել է, բայց ես կարող եմ ասել, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ Այսինքն՝ մեր կառավարության դիրքորոշումն այս ընթացքում չի փոխվել, որովհետև, եթե հիշում եք, մենք ամենասկզբից ասել ենք, որ մենք լինելու ենք իրավիճակին ադեկվատ, համարժեք», - ասաց վարչապետը։
Նա հիշեցրեց, որ դեռևս նախորդ գումարման Ազգային ժողովում իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար։
«Ինքներս ենք հասկանում, որ այս հայտարարությունն այնքան էլ հեշտ հայտարարություն չի, բայց ինչի՞ համար է արվել այն ու ի՞նչ նպատակ է ունեցել։ Այս հայտարարությունն արվել է բանակցային նորմալ մթնոլորտ ստեղծելու համար և Հայաստանն, ըստ էության, արել է առաջին քայլն այս ճանապարհին՝ հույս ունենալով, որ համանման հայտարարություն կհնչի նաև ադրբեջանական կողմից։ Ցավոք սրտի, մինչ այժմ ադրբեջանական կողմից համանման հայտարարություններ չեն հնչում և ընդհակառակը՝ անընդհատ խոսվում է, ակնարկներ են արվում ուժով կամ ռազմական ճանապարհով հարցերը լուծելու պատրաստակամության, հնարավորության մասին։
Արվում են հայտարարություններ, որոնք ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանի կառավարությունն, իշխանությունը չի էլ մտածում, որ հարցի կարգավորման որևէ տարբերակ պիտի ընդունելի լինի նաև Ղարաբաղի ժողովրդի ու Հայաստանի ժողովրդի համար, և մենք այս իրավիճակում ընդամենը հավատարիմ ենք մնում մեր դիրքորոշմանը՝ մնալ ադեկվատ իրավիճակին», - ասաց Նիկոլ Փաշինյան։
Նա ընդգծեց՝ բանակցություններն արդյունավետ դարձնելու համար պետք է լինի արդյունավետ քննարկման ֆորմատ:
«Այն, ըստ էության կա, ու ճանաչվել է 1994թ.-ին, երբ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է որպես լիարժեք բանակցային կողմ և մենք հիմա ջանքեր ենք գործադրում, որ այդ արձանագրված ֆորմատը շարունակի լիարժեք ձևով գործի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բնականաբար», - ասաց վարչապետը։
Հարցին՝ արդյոք Հայաստանի այս դիրքորոշումն ընկալելի է միջազգային գործընկերներին, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.
«Մենք հիմա, բնականաբար, մեր գործընկերների հետ աշխատում ենք, որպեսզի մեր դիրքորոշումներն ավելի ու ավելի հասկանալի դառնան, ու իմ տպավորությամբ՝ վերջին ամիսների դինամիկան հենց այդպիսին է՝ ընկալման մակարդակը մեծանում է»։