06/03/2019 19:46
Մենք ռեպրեսիոն մեթոդների չենք դիմի. Փաշինյանն արձագանքել է Արփինե Հովհաննիսյանի հրապարակած «շոկային» փաստաթղթին (Տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի խնդրանքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օրերս ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հրապարակած փաստաթղթին։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը՝ պետական համակարգում աշխատող 10 հազար քաղաքացիների կրճատման հիմնավորումների մասին։
«Այդ գրագրության մեջ ասված է, որ եթե պարզվի՝ 10 հազար արդյունք չստեղծող մարդ կա, պետք է պետական կառավարման համակարգում այդ մարդկանցից ազատվել։ Եվ սրան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն արձագանքում են՝ էս ինչ եք ասում, սրանով իրենք խոստովանում են կառավարման համակարգի իրենց պատկերացումը, թե էդ ի՞նչ եք խոսում, ո՞նց կառավարման համակարգում պետք է արդյունք ստեղծող մարդ լինի՞։ Մարդիկ են, որ պետք ա 10 հազար էլ, 18 հազար էլ նստեն ու ոչ մի բան չանեն։ Այդ արձագանքը շատ կարևոր է հասկանալու, թե Հայաստանը 20 տարի ոնց է կառավարվել՝ ի՞նչ արդյունք ստեղծող, հո արդյունք ստեղծելով չեն առաջնորդվել, ծանոթ-ընկեր-բարեկամ-ընտրակեղծարար լցվել են ամբողջ կառավարման համակարգ», - արձագանքելով ԱԺ նախկին փոխնախագահի հրապարակած փաստաթղթին ու հնչած հայտարարություններին՝ հեգնեց վարչապետ Փաշինյանը։
Անդրադառնալով կառավարության գործողություններին՝ Փաշինյանն ասաց, որ «գերանդիով չեն հնձելու պետական համակարգը»։ Վարչապետը տեղեկացրեց, որ կրճատումները կլինեն նվազագույնը, կկրճատվեն կրկնվող նախարարությունների, կրկնվող օղակների աշխատողները։
«Օրինակ՝ կան նախարարությունների իրավաբանական վարչության պետեր, չի կարող երկու իրավաբականական վարչության պետերն էլ միավորված նախարարության դեպքում աշխատեն։ Չկրկնվող օղակներից մարդիկ չեն կրճատվի, յուրաքանչյուրը կստանան շանս՝ ապացուցելու, որ իրենք այս նոր պայմաններում պատրաստ են ու կարող են նոր չափանիշներով աշխատել», - հավելեց Փաշինյանը։
Նաև վերադարձավ այդ փաստաթղթի շրջանառությանը. «Մենք ռեպրեսիոն մեթոդների չենք դիմի, բայց ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ այսօր պետական կառավարման համակարգում կան մարդիկ, ովքեր ոչ մի բան չեն անում, սպասում են, որ «մալբրիով» ինչ-որ հետաքրքիր բան շրջանառվի, որ իրանց Հանրապետական ղեկավարներին արագ ուղարկեն։ Այս պատմությունը ցույց է տալիս ամեն ինչ։ Սա դիագնոզ է այն ամեն ինչի, ինչ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում»։