06/03/2019 14:20
Մեր շահերից է բխում Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչություն ունենալը. Թևան Պողոսյան
Եթե այսօր մեր շահերից բխում է Իսրայելում դեսպանատուն ունենալը, ուրեմն մենք դա պետք է անենք։ Կարևորն այն է, թե մեր շահերից այսօր ինչն է բխում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը։
Հարցին՝ պատրաստ է արդյոք հայկական կողմն անցնել Իսրայելի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքի վրայով և անտեսելով այն՝ դիվանագիտակյան ներկայացուցչություն բացել այդ երկրում, Թևան Պողոսյանը նկատեց՝ Հայաստանը պետք է անի ամեն հնարավորը, որպեսզի Իսրայելը նման գործարքի չգնա։
«Պետք է ունենանք հարաբերությունների այն մակարդակը, որ հասնենք Իսրայելի՝ Ադրբեջանին զենք չվաճառելուն։ Սա հենց դիվանագիտության հմտությունն է՝ կարողանալ հաղթահարել ցանկացած դժվարություն և այն օգտագործել ի նպաստ հայկական շահերի։ Հուսամ, որ եթե այս 30 տարիների ընթացքում շատ դժվարություններ ենք հաղթահարել, կկարողանանք հաղթահարել այս մեկը ևս։ Որքան գործընթացն արագ լինի, այնքան ավելի ճիշտ։ Ընդհանրապես, ցանկացած երկրում, որի հետ ունենք դիվանագիտական հարաբերություններ, պետք է ձգտենք ունենալ նաև դեսպանատուն», - ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ ըստ իրեն՝ Իսրայելը նույնքան շահագրգի՞ռ է Երևանում սեփական դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ, Թևան Պողոսյանը պատասխանեց՝ և՛ Հայաստանը, և՛ Իսրայելն ունեն հավատարմագրված դեսպաններ, հետևաբար անտրամաբանական է, որ դեսպանները նստավայրեր չունենան։
«Վստահ եմ, որ եթե Հայաստանը հասնի Իսրայելում դեսպանատուն բացելուն, ապա Իսրայելն էլ համապատասխան քայլով կպատասխանի։ Մեր շահերից է բխում այդ երկրում դիվանագիտական ներկայացուցչություն ունենալը և ակտիվ աշխատելը։ Ակտիվ աշխատանքներ պետք է տանել նաև Ռուսաստանում, որտեղ Հայաստանը դեսպանատուն ունի, սակայն դա չի խանգարում, որ այդ երկիրն Ադրբեջանին զենք վաճառի», - ասաց նա։
Հարցին՝ արդյոք Հայաստանը չի ուշացել Իսրայելում դեսպանատուն հիմնելու նախաձեռնության մեջ, քաղաքագետն ընդգծեց՝ ինչ չենք արել նախկինում, չի նշանակում չպետք է անենք նաև ապագայում։
Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն The Jerusalem Post-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը, որպեսզի երկու երկրների կապերն անցում կատարեն «հաջորդ մակարդակ»: Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը փոխադարձ արձագանքի և դեսպանատուն բացի Երևանում: