06/03/2019 19:37
Ունենք աննախադեպ իրավիճակ ՀՀ-ԵՄ հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան
Ունենք աննախադեպ իրավիճակ ՀՀ-ԵՄ հարաբերություններում, երբ Հայաստանում ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ ԵՄ-ն ՀՀ-ին ընդհանրապես ոչ մի հարց չունի, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չկա որևէ կասկած ՀՀ կառավարության նկատմամբ՝ ժողովրդավարական փոփոխությունները տանել մինչև վերջ: ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները պատրաստ են աջակցել մեր փոփոխություններին՝ այդ թվում և ֆինանսապես», - նշեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ ֆինանսական աջակցության մասով քննարկվում են ոչ միայն բովանդակային, այլև ենթակառուցվածքների բարեփոխումները, որոնք ենթադրում են կապիտալ ներդրումներ:
Փաշինյանն ընդգծեց, որ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում ենթակառուցվածքների զարգացման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերել, մինչդեռ նրանք ամբողջությամբ չեն կարող ֆինանսավորել այդ ծրագրերը:
«Նրանք ասում են, որ գրանտներով կարող են ֆինանսավորել, բայց ՀՀ-ն ևս պետք է ներդրում անի: Մենք ունենք երկու աղբյուր՝ պետական եկամուտներն այնքան մեծացնել, որ այդպիսի ներդրումների հնարավորություն ունենանք և երկրորդը՝ վարկեր ներգրավել կապիտալ ծախսեր իրականացնելու համար: Երկու տարբերակն էլ իրենց բարդություններն ունեն: Օրինակ՝ երկրորդի դեպքում ունենք պետական պարտք- ՀՆԱ չափաբաժիների որոշակի օրենսդրական սահմանափակում: Պետք է միասին քննարկենք ու քաղաքական որոշումներ կայացնենք, թե ինչքանով ենք առաջնահերթ համարում ենթակառուցվածների զարգացումը, կապիտալ ծախսերը և արդյոք մենք համաձայն ենք պետական պարտքի բեռի սահմանագիծը փոխել, որպեսզի միջազգային մեր գործընկների հետ համագործակցության ավելի կոնկրետ ու լայն հնարավորություն ստանանք», - ասաց Փաշինյանը: