06/03/2019 10:56
Արարատ Միրզոյանը բոլոր քաղաքական ուժերին հրավիրում է ընտրական բարեփոխումների շուրջ քննարկումների (Տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր ԱԺ ամբիոնից քաղաքական ուժերին հրավիրեց մասնակցել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին։
«Ընտրություններն են այն հիմքը, այն հիմնական պայմանը, որով ժողովրդավարություն կոչված համակարգը, մեխանիզմը կարող է ընդհանրապես գոյություն ունենալ։ Եթե մենք Սահմանադրության մեջ գրել ենք, որ Հայաստանը ժողովրդավարական, իրավական պետություն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը իշխանությունը իրացնում է ընտրությունների միջոցով, մենք պարտավոր ենք սրբորեն հետևել այս կանոնին», - այսօր Ազգային ժողովի նիստ ընթացքում հայտարարեց ԱԺ նախագահը։
Միրզոյանը նկատեց, որ համոզված է՝ երկրում խնդիրների մեծ մասը եղել է ընտրական համակարգի չաշխատելու հետևանք։ ԱԺ նախագահը, վկայակոչելով դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, նշեց, որ երկար տարիների ընդմիջումից հետո երկրում կայացել են ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ։
«Սա երեսով տալու համար չի ասվում։ Սա թթվածնի պես մի բան է, առանց որի մեր կյանքը հնարավոր չէ։ Կարծում եմ, որ պետք է այս ամբիոնից արձանագրվեր և բոլոր քաղաքական ուժերը պետք է պայմանավորվեն այս պայմանի շուրջ մեկ անգամ ևս ու վերահաստատեն բոլորիս միասնական կամքը այսուհետ ունենալ բացառապես ազատ, արդար, ժողովրդավարական թափանցիկ ընտրություններ», - հայտարարեց Արարատ Միրզոյանը։
ԱԺ նախագահը նշեց, որ Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաև ընտրական ինստիտուտները Հայաստանում կատարելագործման կարիք ունեն։
«Ես, օգտվելով առիթից, քաղաքական ուժերին ուզում եմ հրավիրել սկսել ընտրական բարեփոխումների մշակման փուլ միասնական ջանքերով։ Եթե միասին պայմանավորվենք, կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել, իրականացնել», - հայտարարեց Արարատ Միրզոյանը։
ԱԺ նախագահը այս հայտարարությունը հնչեցրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի գործունեության ծրագրի քննարկման ավարտին։ Նիստերի դահլիճում էր նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։