06/03/2019 18:42
Այն ծավալներն ու տեմպերը, որ կան, ինձ չեն գոհացնում. Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանատվության ենթարկվող օլիգարխների ու պաշտոնյաների քանակի մասին (Տեսանյութ)
Հեղափոխությունից հետո ակնկալվում էր, որ օլիգարխների, պաշտոնյաների ավելի լայն շրջանակ պիտի կանգներ դատարանի առաջ, բայց տպավորություն է, որ իրավապահները կենտրոնացած են մի քանի անձանց վրա, ԱԺ-ում հարց-պատասխանի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը:
Նա նաև նկատեց, որ որոշ դեպքերում մարդիկ տրամադրում են որոշակի նվիրատվություններ կամ ֆինանսական միջոցներ ու դրանով ազատվում են պատասխանատվությունից:
«Ինչո՞ւ Սաշիկ Սարգսյանը 18.5-30 մլն դոլար պիտի նվիրաբերի պետությանը ու այս օրերին հանգիստը վայելի Իսպանիայում, ինչո՞ւ այս գործընթացներն ավելի թափանցիկ չեն կատարվում, որքանո՞վ է իրավաչափ արտադատարանական իրավակարգով նման բռնագանձումների պրակտիկան», - հետաքրքրվեց պատգամավորը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ իրեն հայտնի չէ դեպք, երբ մեկը վճարում է արել և ազատվել պատասախանատվությունից: Անդրադառնալով պնդմանը, թե ակնկալվում էր, որ ավելի շատ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեին՝ Փաշինյանն ասաց, որ այդ հարցն իրեն տրամաբանական չի թվում, քանի որ կառավարությունը հստակ թիվ չի դրել իր առաջ, թե քանի մարդու կառավարությունը պիտի ենթարկի պատասխանատվության: Միևնույն ժամանակ, Փաշինյանն ընդգծեց, որ թեև նախաքննությունները հրապարակային տեղի չեն ունենում, բայց ինքն առնվազն շաբաթը մեկ անգամ հետաքրքրվում է, թե ինչ նորություններ կան:
«Ես ինքս էլ այն իրավապահ մարմիններին, որոնց հետ աշխատանքն իմ լիազորությունների շրջանակում է, ասել եմ, որ այն ծավալներն ու տեմպերը, որ կան, ինձ չեն գոհացնում, որովհետև կարող է տպավորություն ստեղծվել, որ հեղափոխությունն էր, ոգևորվեցինք, ասեցինք, խոսեցինք, ու հիմա բոլորն արդեն անցնում են իրենց գործերին: Այս խնդրին ԱԺ ամբիոնից էլ անդրադարձել եմ: Այդ կապակցությամբ իրավապահ մարմիններին ունեմ հարցեր, և այդ հարցերը եթե ոչ ամենօրյա, ապա շաբաթյա ռեժիմով տալիս եմ, բայց մյուս կողմից ինքս ինձ սահմանափակում եմ, որովհետև հասկանում եմ, որ ՀՀ վարչապետ եմ, դատախազ չեմ, քննիչ չեմ, օպերատիվ ծառայող չեմ և այսպես շարունակ: Բայց ինչպես նախկինում ասել եմ ՀՀ ժողովրդից և պետությունից թալանված փողերը կոպեկ առ կոպեկ վերադառնալու են ՀՀ բյուջե, որոշ դեպքերում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ արվել են առաջարկներ, որոնք երբեք պատասխանատվությունից ազատվելու կամ խուսափելու հետ կապված չեն եղել», - ասաց Փաշինյանը: