07/03/2019 19:00
Ինչպե՞ս կարող էինք ընդունել մի փաստաթուղթ, որի ո՛չ մշակմանը, ո՛չ քննարկումներին առհասարակ չենք մասնակցել. Դավիթ Բաբայան
Արցախը մաս չի կազմել բանակցային գործընթացին, հետևաբար ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական առումով ճիշտ չէր լինի ընդունել Մադրիդյան սկզբունքները։ Մենք ինչպե՞ս կարող էինք ընդունել մի փաստաթուղթ, որի ո՛չ մշակմանը, ո՛չ քննարկումներին առհասարակ չենք մասնակցել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի այսօր հայտնած այն մտքին, որ այս փուլում Մադրիդյան սկզբունքները միակ փաստաթուղթն են, որոնք ընդունվել են Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, բայց չեն ընդունվել Ղարաբաղի կողմից։
«Բնական է, որ չէինք կարող նման փաստաթուղթ ընդունել՝ նույնիսկ եթե այն կատարյալ լինի՝ էլ չհաշված բովանդակությունը։ Պարզապես մենք միշտ էլ ասել ենք, որ պաշտոնական Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ սկսած տարբեր հանդիպումներից, հարցերի քննարկումներից, վերջացրած լուրջ փաստաթղթերի վրա աշխատանքով՝ առավել ևս ինչ-որ քայլերի ձեռնարկման հետ կապված։ Իսկ եթե մենք չենք մասնակցում, բնական է՝ չենք կարող ընդունել այս կամ այն փաստաթուղթը», - պարզաբանեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ EurActiv պարբերականին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանը հավատարիմ է կառուցողական երկխոսությանն` ուղղված ամուր խաղաղության հաստատմանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ներգրավել Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում, ինչն, ի վերջո, կսահմանի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և կապահովի այնտեղ բնակվող մարդկանց անվտանգությունը։
«Տարածաշրջանի բնակչությանը հակամարտության խաղաղ կարգավորմանը պատրաստելու համար ես հայտարարել եմ, որ կարգավորումը պետք է հաշվի առնի բոլոր երեք կողմերի շահերը՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի: Ես քննադատության եմ արժանացել հայ հասարակության և լրատվամիջոցների կողմից, քանի որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է նույնպես վարվել: Ավելին, նրա ագրեսիվ հռետորաբանությունը բացասական ազդեցություն է ունենում խաղաղությանը պատրաստելու իմ ջանքերի վրա և վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Գործադիրի ղեկավարը նաև նշել էր, որ արդեն իսկ ներկայացրել ենք մեր տեսլականը (ԵԱՀԿ Մինսկի խմբի) միջնորդների միջոցով ադրբեջանական կողմին։