07/03/2019 15:23
Զատուլինին փոխանցում եմ հետևյալը՝ այդ նույն տրամաբանությամբ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային. Լևոն Շիրինյան
Aysor.am-ը զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հեռանկարներին ուղղված ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների հայտարարությունների և ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչի արտահայտած տեսակետի մասին, համաձայն որի՝ հակամարտության լուծմանն ուղղված բանակցային գործընթացը պետք է լինի առանց նախապայմանների:
- Պարոն Շիրինյան, ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կարևորել է, որ ԼՂ հակամարտության լուծմանն ուղղված բանակցային գործընթացը պետք է լինի առանց նախապայմանների: Կա կարծիք, որ նման տեսակետ Մոգերինին հայտնել է ի պատասխան Փաշինյանի հայտարարության, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: Համաձա՞յն եք պնդման հետ:
- Ես դա նախապայման չեմ համարում: Առհասարակ ինչ-որ անում է մեր վարչապետը, նախապայման չէ, զարգացման այն ընթացքն է, որով միջազգային օրենսդրությունը նախատեսում է ժողովուրդների ազատությունը: Այնպես որ, այստեղ խարդավանք որոնելը, կարծում եմ, ճիշտ չէ:
- Այդ դեպքում, ըստ Ձեզ՝ ի՞նչ նախապայմանների մասին կարող էր խոսել Մոգերինին:
- Կարծում եմ՝ դա Ադրբեջանի մասին է: Ինչո՞ւ ենք մենք մտածում, որ անպայման դա մեզ է ուղղված: Տրամաբանորեն կարող ենք ենթադրել, որ նախապայմանը Ադրբեջանի մնացած ասածներին են վերաբերում, և որ Ադրբեջանը նախապայման չի կարող դնել: Սա Ադրբեջանին է ուղղված:
- Անդրադառնանք Պետդումայի ներկայացուցիչ Կոնստանտին Զատուլինի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել շատ հեշտ՝ մարտական գործողությունների ժամանակ Արցախի կողմից վերցված շրջանները վերադարձնելով Ադրբեջանին: Ինչո՞ւ են նման հայտարարություններ արվում:
-Որովհետև այս կոնֆլիկտի չլուծման շահագրգիռ կողմը Ռուսաստանն է, նա չի ուզում դա: Զատուլինին փոխանցում եմ հետևյալը՝ այդ նույն տրամաբանությամբ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային, և երկրորդը՝ իրենք պետք է հրաժարվեն ժողովուրդների ինքնորոշման մասին որևէ խոսակցությունից: Ենթատեքստը պարզ է՝ կոնֆլիկտը տաք մնա, որ իրենք կառավարեն մեզ էլ, ադրբեջանցիներին էլ: Զատուլինը հակամարդկային, հակահումանիստական տեսակետ է պաշտպանում՝ փորձելով դարերով տաք պահել հայ-ադրբեջանական հակամարտության վիճակը:
- Պետդումայի մեկ այլ ներկայացուցիչ Լեոնիդ Կալաշնիկովն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի կապերի սերտացումը եվրասիական ինտեգրացիոն և ռազմական կառույցների հետ կարող են նպաստել ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Ի՞նչ ենթատեքստեր եք տեսնում այստեղ:
- Արցախի հարցով ուզում են կաշառել Ալիևին, որ եվրասիական իտեգրացիոն գործընթացների մեջ մտնի, բայց ես Ալիևին առաջարկում եմ ռեալիզացնել Կալաշնիկովի ասածը և նույն օրն Ամերիկայից կստանա այնպիսի պատժամիջոցներ, որ այդ պետությունը կփլվի: Ռուսաստանը հազար ու մի ֆոկուսների է դիմում, որ կոնֆլիկտը տաք պահի ու հայկական կողմն իր արյան գնով ձեռք բերած ազատությունից և միջազգային իրավունքից չօգտվի, բայց դրանք ամենատգետ խաղերն են: