07/03/2019 12:15
«Այո, կրճատումներ լինելու են». ընդունվեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց կառավարոթյան կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը:
Ըստ նախագծի՝ նախատեսվում է 17 նախարարությունից ունենալ 12 նախարարություն, երկու փոխվարչապետ և չի լինի առաջին փոխվարչապետ:
Այպիսով՝ ըստ փոփոխությունների` նախարարությունները կլինեն այսպիսին՝
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
7) շրջակա միջավայրի նախարարությունը,
8)պաշտպանության նախարարությունը,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,
10) բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը,
11) Էկոնոմիկայի նախարարությունը,
12) ֆինանսների նախարարությունը:
Նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ վարչապետի որոշմամբ կառավարության նիստերը կլինեն ոչ միայն մի մասը, այլ ամբողջությամբ դռնբաց:
Արձագանքելով նախագծին` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա մի նախագիծ է, որը շատ վաղուց քննարկվում է և կարող են արձանագրել, որ հիմնականում նախագիծը ընկալված է հանրության շրջանում:
«Մեր հիմնական խնդիրը պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելը և Սփյուռքի հետ հարաբերութունների արդյունավետությունը բարձրացնելն է, քանի որ այսօր երկու ուղղությամբ պրոբլեմներ ենք տեսնում: Բայց այս ուղղությամբ գնալու ենք հավասարակշռված, հանդարտ գործընթացով, կադրային ջարդ չենք իրականցնելու, կոնսոլիդացվելու են նախարարության աշխատակիցները: Այո, կրճատումներ լինելու են, բայց էվոլյուցիոն տրամաբանությամբ են լինելու և յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու», - ասաց նա՝ ավելացնելով, որ մաքսիմալ օբյեկտիվ պետք է տեղի ունենա մարդկանց աշխատանքի գնահատումը՝ առանց հարակից պրոցեսների
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուշադիր պետք է լինեն պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակին հասնելու համար:
Կկրճատումների խնդիրը, վարչապետի խոսքով, չեն կարող լուծել փակ աչքերով:
«Պետք է վերանայել ընդհանրապես սեփական աշխատանքի որակը, սեփական վարչության բաժնի աշխատանքի որակը և մենք առաջիկայում նաև ոչ պոպուլյար խնդիր պետք է լուծենք, որ պետական կառավարման համակարգում աշխատեն բարձր որակավորված կադրեր: Այսօր ունենք իրավիճակ, որ պետական կառավարման համակարգը մեծ հաշվով գրավիչ չէ բարձր որակավորում ունեցողների համար և բարձր պարգևավճարների սկանդալները ծագում են հենց այստեղից, որևէ այլ տեղ պրոբլեմ չկա», - ասաց նա:
«Լավ է, որ այդ պարգևավճարների սկանդալը ծագել է, որովհետև դա շատ կարևոր առիթ է շատ կարևոր խոսակցություն ունենալու համար, թե ովքեր են պետական ծառայողները, ինչ որակավորումներ ունեն: Ես կոչ եմ անում բոլորին այս բոլոր թեմաները մաքսիմալ բաց և թափանցիկ, բայց նաև համբերատար քննարկել», - ասաց նա՝ ավելացնելով, որ չի կարող այս գործընթացը առաջ գնալ առանց հանրային համաձայնության:
«Կառավարման համակարգը այնպիսին պետք է լինի, որ խնդիրներ լուծի, հետևաբար պետք է աշխատեն առաջատար մասնագետներ և հարիր աշխատավարձ ստանան, բայց դա չի կարող լինել միանգամից, այլ փուլային», - ասաց վարչապետը:
Ըստ նախագծի՝ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի նախնական տարբերակի համեմատ, որը հրապարակվել է 2018 թ.-ի դեկտեմբերի 24-ին, նախարարությունների մասով հետևյալ փոփոխություններն են տեղի ունեցել. բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը նոր նախագծում դարձել է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, իսկ բնապահպանության նախարարությունը՝ շրջակա միջավայրի նախարարություն:
Նոր նախագծով նաև տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունը կրկին վերանվանվում է և կոչվելու է էկոնոմիկայի նախարարություն:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպվում են՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Օրենքի նախագծի ընդունումից հետո նախատեսվում է Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը հանձնել ոչ միայն միավորման արդյունքում համատեղ ենթակայությանը փոխանցված Ջրային կոմիտեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, այլև՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն:
Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը միավորվում են և դառնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Սփյուռքի նախարարությունը միանում է վարչապետի աշխատակազմին: Վարչապետի աշխատակազմում ստեղծվելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
Նախագիծն ընդունվեց. Այն կուղարկվի Ազգային ժողով: