07/03/2019 15:36
Հայաստանը չի հրաժարվել ԼՂ հարցով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից. Շավարշ Քոչարյան
Հայաստանի կառավարությունը չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը.
«Այդպիսի բան երբևիցե չի հայտարարվել, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից։ Այդ ուղղությամբ քայլեր կատարվել են, համենայնդեպս, այսօր, այսպես ասենք, ժամանակավոր, բայց էական փոփոխություն կա սահմանագծում։ Պայմանավորվածություններից հրաժարում չկա», - ասաց Քոչարյանը։
Դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, այդ պայմանավորվածություններով նախատեսված՝ օրինակ՝ Անջեյ Կասպրշիկի խմբի մեծացում տեղի չի ունեցել, ՀՀ փոխարտգործնախարարն արձագանքեց.
«Մենք շատ լավ գիտենք՝ ինչու չեն կատարվում պայամանավորվածությունները՝ ադրբեջանական կողմի պատճառով», - ասաց Շավարշ Քոչարյանը։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է հայկական կողմը պատրաստ հանդիպել Ադրբեջանի ղեկավարության հետ, որը, փաստորեն, չի կատարում նախկին պայմանավորվածությունները, Քոչարյանն արձագանքեց.
«Շատ պարզ բան, որովհետև ցանկացած հանդիպում ավելի նախընտրելի է, քան ռազմական գործողությունների վերսկսումը և առ այսօր հանդիպումներն ուղղված են նաև ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը նվազեցնելուն»։