07/03/2019 09:38
«Փաստ». Փաշինյանը եվրոպացիների հետ քննարկումներում ֆինանսական աջակցության հարց է բարձրացրել
«Փաստ» թերթը գրում է, որ իր աղբյուրը պարզել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի բուն նպատակը ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական հիմքեր է ունեցել: Պարզվում է, որ վարչապետը ոչ այնքան հագեցած օրակարգով Բրյուսելում էր ՀՀ-ում առկա լուրջ ֆինանսական հարցերը կարգավորելու համար:
Թերթի տեղեկությունների համաձայն, Փաշինյանը եվրոպացիների հետ քննարկումներում ֆինանսական աջակցության հարց է բարձրացրել, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել առաջիկա ամիսների բյուջեի ծախսերի սպասարկումը, քանի որ, ինչպես հայտնի է, պետբյուջեում, ինչպես նաև պահուստային ֆոնդում առկա են լուրջ խնդիրներ:
Չի բացառվում, որ առաջիկայում, ինչպես գրում է թերթը, խորհրդարանին ներկայացվի հերթական վարկային պայմանագիրը, որն ավելի կմեծացնի ՀՀ արտաքին պարտքը: Ի դեպ, ուշագրավ է, որ այս, ինչպես նաև սրան նախորդած մյուս շատ այլ վարկեր բյուջեում առկա բացերը լրացնելու համար են վերցվում, ինչի մասին ժամանակին բազմիցս քննադատություններով հանդես էր գալիս ընդդիմադիր Փաշինյանը: