07/03/2019 16:12
ՊՈԱԿ-ը արգելակի պես բան է՝ խանգարում է հարստանալ, արդյունավետ գործունեություն ծավալել, մրցակցային դաշտում լինել. Նազենի Ղարիբյան
Որքան էլ այս պահին համարվում եմ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող, այնուամենայնիվ, ես այդ որոշումները ինքնակամ, միայնակ չեմ կայացնում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին՝ նշեց Նազենի Ղարիբյանը:
«Դուք կրկին գնում եք որոշումների դաշտ, բայց նորից կկրկնեմ՝ ՊՈԱԿ-ների հետ կապվածը որոշում չէ, այլ՝ Կառավարության հանձնարարական, որը բխում է աշխատանքների արդյունավետությանն ուղղված պահանջից: Այդպիսի հանձնարարական ստացել ենք ոչ միայն մենք, այլև՝ բոլոր մյուս նախարարությունները, ու բոլորն էլ տեղեկանք են ներկայացրել: Բայց քանի որ մեզ մոտ արտահոսք է եղել, ինչ-որ մեկն այդ տեղեկանքը դուրս է հանել՝ արհեստական մեծ աղմուկ է առաջացել», - ընդգծեց նա:
Կառավարությունը նախարարություններին հրահանգել է՝ ՊՈԱԿ-ների շուրջ վերլուծություն կատարելիս առաջնորդվել ոչ թե գումար տնտեսելու կամ կրճատումներ անելու սկզբունքով, այլ՝ պատասխանատվությունների համախմբմամբ և գործունեության արդյունավետության բարձրացմամբ:
«Այս ընթացքում ես հասկացել եմ, որ տնօրենների կարծիքը չի արտացոլում ՊՈԱԿ-ների բոլոր աշխատակիցների կարծիքը: Երկու-երեք դեպք պարզեցի, որտեղ տնօրենները կտրականապես դեմ էին փոփոխությանը, այնինչ՝ կոլեկտիվներն ասում էին՝ շատ ուրախ ենք, որ նման փոփոխություն է լինելու», - տեղեկացրեց Ն. Ղարիբյանը:
Մշակույթի նախարարի պարտականությունները կատարողը մինչ այսօր չի հասկանում՝ ինչի՞ց են տնօրենները վիրավորված: Ասում է՝ ինքն իր գործն է անում ու պարտավոր չէ որևէ մեկին տեղյակ պահել ներքին աշխատանքների մասին: Նկատառմանը, որ այսկերպ փաստի առաջ են կանգնեցնում ՊՈԱԿ-ներին, պատասխանեց.
«Որևէ մեկին փաստի առաջ չենք կանգնեցնում: ՊՈԱԿ-ների տնօրենների հետ հանդիպում կազմակերպեցինք միայն այս խոսակցություններին վերջ տալու նպատակով, որպեսզի անձամբ իրենց ամեն ինչ հաղորդեմ, ասեմ, ոչ թե լրատվամիջոցներից կցկտուր ինֆորմացիա իմանան, խոսքից-խոսք տարածվող բամբասանքներից լսեն: Հանդիպման ժամանակ յուրաքանչյուրը բարձրաձայնել է իր մտահոգությունը, նույնիսկ առաջարկների փաթեթ էին բերել: Բուռն քննարկում էր, բոլորին լսել ենք, ու կարծում եմ՝ հիմնականում բավարարված գնացին»:
Հանձնարարական-տեղեկանքն ուղարկվել է Կառավարություն: Թե ինչ որոշում կընդունի Կառավարությունը, հայտնի չէ: Նազենի Ղարիբյանը վստահ է՝ 70 ՊՈԱԿ-ների հարցում որևէ փոփոխություն կլինի:
Անդրադառնալով Երգի Պետական թատրոնի լուծարմանը՝ նկատեց՝ հնարավոր է նրա համար գործունեության ուրիշ դաշտ լինի:
«Ինչո՞ւ մենք ունենք պետական կարգավիճակ ունեցող տարբեր մշակութային ՊՈԱԿ-ներ, և դրանց կողքին՝ ոչ նման կարգավիճակ ունեցող օջախներ, որոնք, սակայն, նորմալ աշխատում են: Այս խնդիրը կարգավորելու համար պետք է օրենսդրական դաշտը ձևավորվի: Մենք Խորհրդային համակարգից ենք գալիս, որտեղ ամեն ինչն էր պետական: Այս պահին Հայաստանը գտնվում է մի իրավիճակում, որ, կարծես, թե ուզում է դուրս պոկվել սովետական իրականությունից: ՊՈԱԿ-ի կառուցվածքը կոնկրետ շատերին է խանգարում հարստանալ, արդյունավետ գործունեություն ծավալել, մրցակցային դաշտում լինել, իրենց ունեցած ռեսուրսները ճիշտ տնօրինել: ՊՈԱԿ-ը արգելակի պես բան է շատերի համար», - մանրամասնեց Նազենի Ղարիբյանը: