08/03/2019 10:12
«Հրապարակ». Ռուբեն Ջաղինյանն արդեն հրաժեշտի հավաքույթ է արել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն արդեն հրաժեշտի հավաքույթ է արել։ Մարտի 11-ին կհայտարարվի մրցույթ նրա տեղի համար։ Եթե Հանրային ռադիոյի տնօրենի համար 30 թեկնածու է դիմել, ապա խորհրդի նախագահի համար հնարավոր է մի 20 դիմում լինի։ Արդեն իսկ հայտնի է, որ այս տեղի համար դիմելու է «Ա1+» ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը։
Հավակնորդների թվում են նաև հրապարակախոս, բանաստեղծ Տիգրան Պասկևիչյանը, Երևանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, «Հայլուրի» նախկին խմբագիր Արայիկ Մանուկյանը և ուրիշներ։ Մրցութային հանձնաժողովի կազմում են մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը և ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը։
Ի դեպ, ռադիոյի տնօրենի մրցույթի հաղթողի անունը կհրապարակվի միայն խորհրդի նախագահի ընտրություններից հետո, մրցույթի վերջին փուլը կկայանա նրա մասնակցությամբ»: