08/03/2019 10:03
«Փաստ». Գերատեսչություններում արդեն իսկ պատրաստում են «սև ցուցակները»
«Փաստ» թերթը գրում է, որ նախօրեին ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մի ծավալուն հրապարակմամբ հանդես եկավ, որտեղ անդրադարձել էր պետական ապարատում սպասվող 10000 մարդկանց կրճատման փաստին, ինչն, ի դեպ, ԱԺ ամբիոնից փաստացի չհերքեց վարչապետը:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, նախարարություններում ու պետական այլ գերատեսչություններում արդեն իսկ պատրաստում են «սև ցուցակները», որտեղ ամենաշատն ընդգրկված են, այսպես կոչված, «հին» մարդիկ: Սակայն խնդիրն այն է, որ նրանց մեծ մասն ամենափորձառուներն են ու ամենատեղեկացվածները:
Թերթը պարզել է նաև, որ բավական քաոտիկ վիճակ է մասնավորաբար էներգետիկայի նախարարությունում, որը միավորվում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ, ինչպես նաև ջրպետկոմում: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ «սև ցուցակները» բավական ընդարձակ են լինելու հատկապես մարզպետարաններում:
«Ի դեպ, այս գործընթացն ամբողջովին կաթվածահար է անում ամբողջ պետական ապարատի աշխատանքը, քանի որ մարդիկ գտնվում են անորոշության մեջ՝ չիմանալով իրենց ապագա ճակատագիրը», - գրում է թերթը: