11/03/2019 17:49
ԼՀԿ-ն նպատակ ունի արտախորհրդարանական ուժերի ձայնը լսելի դարձնել ԱԺ ամբիոնից. Գորգիսյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս պահի դրությամբ արտախորհրդարանական ուժերից հանդիպել է միայն ՀՅԴ-ի հետ, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ հիշեցնելով, որ խորհրդարանական ընտրություններից հետո ծրագրված հանդիպումները նպատակ ունեն չընտրված ուժերի ձայնը լսելի դարձնել խորհրդարանում։
Նա միաժամանակ նշեց, որ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները շարք չարժե որակել, որովհետև հստակ օրակարգ և քաղաքական ուժերի հետ հանդիպումների հերթականություն սահմանված չէ։
«Ընտրություններից հետո մենք հայտարարել էինք, որ պատրաստ ենք հանդիպել և լսել Ազգային ժողովից դուրս մնացած ուժերին։ Առայժմ հանդիպում կայացել է միայն Դաշնակցության հետ։ Կոնկրետ պլանավորված հերթականություն դեռ չկա», - ասաց Գևորգ Գորգիսյանը։
Հարցին՝ ո՞րն է արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների վերջնական նպատակը, պատգամավորը պատասխանեց՝ վերջիններիս տեսակետները, ԼՀԿ-ի տեսակետների հետ համընկնելու դեպքում, դրանք հնչեցնել ԱԺ-ի ամբիոնից։
Նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք ՀՅԴ-ի հետ հանդիպման ընթացքում հետաքրքիր առաջարկներ ստացվել են։
Գևորգ Գորգիսյանն ի պատասխան նկատեց, որ սա ընդամենն առաջին՝ համագործակցության պատրաստակամության հանդիպում է եղել։