11/03/2019 12:17
Այս շաբաթ Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները
ԵԽԽՎ-ում «ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների գնահատման» հարցի շուրջ համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ukraine, SOC) և Անդրեյ Շիրցելը (Slovenia, EPP/CD) փաստահավաք այցով կժամանեն Երևան և հանդիպումներ ու քննարկումներ կանցկացնեն մարտի 12-14-ն ընկած ժամանակահատվածում:
Facebook-ի իր էջում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է, որ քննարկումների շրջանակում առանցքային կլինեն վերջին ներքաղաքական զարգացումները և նոր ձևավորված կառավարության գերակայությունները, ինչպես նաև ժողովրդավարական և սոցիալական բարեփոխումները:
Համազեկուցողները նախատեսում են ունենալ հանդիպումներ Նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ինչպես նաև Արտաքին գործերի, Արդարադատության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հետ:
Հանդիպումներ են նախատեսված Գլխավոր դատախազի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հատուկ քննչական ծառայության պետի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:
ՀՀ ԱԺ-ում համազեկուցողները նախատեսում են հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պետաիրավական մշտական հանձնաժողովների նախագահների հետ, ինչպես նաև այցի շրջանակներում նախատեսվում են անհատական հանդիպումներ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: