11/03/2019 14:15
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը հերթական, ինչ-որ չափով անատամ հայտարարություն էր. քաղաքագետ
Ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության՝ տեսնում ենք հերթական, ինչ-որ չափով անատամ հայտարարություն, որովհետև հավասարության նշաններ են դրված, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։
«Երկու կետով փորձում են Հայաստանին անդրադառնալ, երկու կետով՝ Ադրբեջանին։ Նշել են այն նույն կետերը, որոնք եղել են ժամանակին հրապարակված ՄԽ համանախագահների հայտարարություններում։ Որևէ նոր բան չկա, ավելի շատ այն տպավորությունն է, որ կրկնում են հին ավանդույթները, փորձում են հանդիպում նախապատրաստել», - ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով համանախագահների հայտարարության այն հատվածին, ուր վերջիններս կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են բանակցությունների ձևաչափի միակողմանի փոփոխություն, Թևան Պողոսյանը հարց ուղղեց.
«Իսկ դուք վստա՞հ եք, որ հայկական կողմին են ակնարկում։ Հնարավոր է՝ Ադրբեջանն իրենց առջև ինչ-որ խնդիրնե՞ր է բարձրացրել։ Մենք պետք է սովորենք, որ սրանից հետո, եթե անհասցե հայտարարություններ լինեն, ով ցանկանում է՝ իր վրա թող վերցնի։ Կարող է՝ Ադրբեջանը ինչ-որ ներքին ձևաչափերի փոփոխության հա՞րց է դրել»։
«Վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ լավ հասկանում են՝ Արցախը միշտ էլ եղել է հակամարտության կողմ։ Էլ ի՞նչ ձևաչափի մասին է խոսքը։ Վերջում նույնիսկ ասում են, որ ինչ էլ լինի՝ քննարկումներ են ունենալու բոլոր այն կողմերի հետ, ում խնդիրն ուղիղ կերպով վերաբերում է։ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ լինել-չլինելն ինձ համար ձևաչափի փոփոխություն չէ։ Ձևաչափի փոփոխություն կլիներ, եթե ասվեր, որ լուծման մեջ այլ երկրներ մտցնենք։ Հայկական կողմը ֆորմատի փոփոխության պահանջ չի ներկայացրել, հակառակը՝ ասել է, որ ֆորմատը պետք է վերականգնվի», - նշեց Թ.Պողոսյանը:
Քաղաքագետի խոսքով, ամեն ոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության տեքստում փորձելու է տեսնել այն, ինչ ինքն է ցանկանում։
«Ես, իմ շահերից դրդված, տեսնում եմ այն, որ ասվել է՝ չենք ընդունելու նոր ռազմական գործողություններ, որ չի կարող լինել հարցի ռազմական լուծում։ Հիմա, եթե որևէ մեկը փորձել է այդ հայտարարության մեջ այլ բան տեսնել, դա իր պարտքն է։ Համանախագահները հասկանում են, որ կողմը, որը ստացել է հանրության քվեն և նախընտրական պայքարում բաներ է խոստացել, չի կարողանալու դրանցից այն կողմ ինչ-որ բան անել։ Մենք պետք է միասնական ձայն մշակենք», - ամփոփեց մեր զրուցակիցը։