11/03/2019 12:07
Պետք չէ ինչ-որ բան կտրել կոնտեքստից. դա դիվանագիտական աշխարհին բնորոշ հայտարարություն է. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին
Այդ հայտարարության որևիցե դրույթ խոչընդոտ չի հանդիասնում Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար, ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությանը, որ ԼՂ շրջակա տարածքները պիտի վերադարձվեն Ադրբեջանին:
«Բանակցային գործընթացում կարող են հնչել տարբեր դիրքորոշումներ, բայց վարչապետի վերջնական դիրքորոշումը ձեզ հայտնի է՝ բանակցային գործընթացի և հակամարտության կարգավորման համար պիտի փնտրել լուծումներ, որոնք ընդունելի կլինեն և Հայաստանի, և Արցախի բնակչության, և Ադրբեջանի հանրապետության համար: Այդ տեսանկյունից, իմ կարծիքով, ՄԽ համանախագահները փորձել են ամփոփել դեռևս մինչև թավշյա հեղափոխությունը ձևավորված օրակարգը և քննարկել են այն հիմնական հարցերը, որոնք բարձրացված էին եղել այն ժամանակահատվածում», - ասաց Վարդանյանը:
Համանախագահողների հայտարարուրթյունն, ըստ պատգամավորի, առավելապես պետք է դիտարկել այն կոնտեքստում, որ չպետք է խաթարել այն ձևաչափը, որը ձևավորվել է հենց Մինսկի խմբի շրջանականերում:
«Այդ ձևաչափը նոր չէ: Այդ կարգի հայտարարություններ արվել են նաև նախկինում, պետք չէ ինչ-որ բան կտրել կոնտեքստից և փորձել ներկայացնել ինչ-որ հեղափոխական բնույթի հայտարարություն: Դա դիվանագիտական աշխարհին բնորոշ հայտարարություն է», - ասաց նա: