11/03/2019 11:19
Բողոքի ակցիա. «Գրավատան պետգույքի գումարը 100 հազար դրամ է, թող դառնա կրկնակի, բայց ոչ՝ 6 միլիոն»
Կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գազավորված ըմպելիքներ արտադրողների, գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները: Նրանք բողոքում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դեմ։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից «Ալմիք» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գեղամ Խաչատրյանը, իրենք բողոքում են պետտուրքի անհիմն բարձրացման դեմ։
«Հուսով ենք, որ այդ նախագիծը չի ընդուվի։ Այս որոշմամբ մեր ընկերությունները միանշանակ վտանգված են։ Եթե որոշումն ընդունվի, մեր ընկերութունը միաշանակ կփակվի, որովհետև մենք այդքան եկամուտ չունենք։ Չենք կարող և 6 միլիոն պետտուրք վճարել, և հարկային պարտավորությունները կատարել։ Մենք ակցիաներ կիրականացնենք, մեր բողոքը հնարավորինս կարտահայտենք։ Եթե բարձրացնելու են, գոնե ողջամիտ գումարի սահմաններում», - ասաց ակցիայի մասնակիցը։
Նրա խոսքով՝ «ողջամիտ» ասվածը գոնե կրկնակիի շեմն է։
«Ասենք, գրավատան պետգույքի գումարը 100 հազար դրամ է, թող դառնա կրկնակի, բայց ոչ՝ 6 միլիոն։ Եթե տարվա ընթացքում մեր կազմակերպության ունեցած զուտ շահույթը կազմում է 2-3 միլիոն, 6 միլիոնը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Մենք ուզում ենք պարզել՝ ի՞նչ ուսումնասիրությունների կամ մոնիտորինգի արդյունքում են այդքան գումար սահմանել։ Պետք է հանրային քննարկում լինի։ Մեր 4 աշխատողներն էլ կդառնան գործազուրկ», - ասաց ակցիայի մասնակիցը։
Հիշեցնենք, որ գրավատների համար ներկայիս 100 000 դրամ պետտուրքի փոխարեն նախատեսվում է սահմանել 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ: Հարկային օրենսգրքում փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։