11/03/2019 12:10
Ըստ իս՝ ոնց որ դուք ճիշտ եք. Ալեն Սիմոնյանը՝ ցուցարարներին
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող գործարարներին քիչ առաջ խոստացավ իր գործընկերների հետ քննարկել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի դեմ էլ, ըստ էության, բողոքում են հավաքվածները։
«Ուզում եմ ասել, որ սա նախագիծ է, սա չի նշանակում, որ ընդունվելու է միանշանակ, դեռ քննարկումներ են սպասվում։ Բայց լավ եք անում, որ բարձրաձայնում եք», - ասաց նա։
Գրավատների աշխատակիցների հետ զրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 14։00-ին մասնագետ է հրավիրել իր մոտ՝ հասկանալու ոլորտի ներկայացուցիչների բողոքները։
«Ըստ իս՝ ոնց որ դուք ճիշտ եք», - ասաց ԱԺ փոխնախագահը։
Հիշեցնենք, որ գրավատների համար ներկայիս 100 000 դրամ պետտուրքի փոխարեն նախատեսվում է սահմանել 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ: Հարկային օրենսգրքում փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։